ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

ԱՄՆ-ն խստացնում է կանոնները օտարերկրյա ուսանողների համար. ի՞նչ է սպասվում հայաստանցի դիմորդներին

Արևիկ Կիրակոսյան
«Ռադիոլուրի» համար

ԱՄՆ-ում սովորել ցանկացող օտարերկրյա ուսանողներին նոր սահմանափակումներ են սպասվում։ Թրամփի վարչակազմը խստացնում է ուսանողական վիզաների կանոնները։ ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության (DHS) նոր կանոնակարգով փոխվում է շուրջ հինգ տասնամյակ գործող «ուսման ամբողջ ընթացքում մնալու» (Duration of Status) սկզբունքը՝ սահմանելով ֆիքսված ժամկետներ։ Ի՞նչ սահմանափակումներ են կիրառվելու և ինչպե՞ս դա կարող է անդրադառնալ հայաստանցի ուսանողների վրա։

Հուլիսի 16-ին ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը հրապարակեց նոր՝ վերջնական կանոնակարգը, որով փոխվում է օտարերկրյա ուսանողների համար գործող «ուսման ամբողջ ընթացքում մնալու» սկզբունքը։ Կանոնակարգը նախատեսվում է ուժի մեջ մտցնել սեպտեմբերի 15-ից՝ Կոնգրեսի վերանայման ընթացակարգից հետո։ Դրա նպատակը, ըստ վարչակազմի, ներգաղթի վերահսկողության ուժեղացումն ու վիզային համակարգի հնարավոր չարաշահումների կանխումն է։

«Ռադիոլուրի» հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը մատնանշում է գործող և նոր կանոնակարգերի հիմնական փոփոխությունները.

«ԱՄՆ-ում ուսումնառությունն այլևս լինելու է սահմանված ժամկետով։ Եթե, օրինակ, բակալավրի ծրագիրը նախատեսված է 4 տարվա համար, ուսանողը սկզբնական շրջանում կստանա մինչև 4 տարվա մնալու իրավունք։ Իսկ ԱՄՆ-ի համալսարաններում հաճախ պատահում է, որ բակալավրի կրթությունը տևում է 5-6, նույնիսկ 7 տարի»։

Այսինքն՝ եթե ուսանողը չի հասցնում ավարտել ծրագիրը, նախկինի պես ինքնաբերաբար չի կարող շարունակել մնալ, այլ պետք է դիմի ժամկետի երկարաձգման համար։ Ժամկետների սահմանափակումը միակ փոփոխությունը չէ։ Կրթության փորձագետի խոսքով՝ նոր կանոնակարգը սահմանափակում է նաև ուսանողների ակադեմիական ճկունությունը։

«Եթե ուսանողն ավարտում է բակալավրի ծրագիրը, արդեն չի կարող նույն կարգավիճակով մնալ ԱՄՆ-ում և սկսել ևս մեկ բակալավրի ծրագիր։ Սովորաբար նա պետք է անցնի ավելի բարձր կրթական աստիճանի՝ օրինակ մագիստրատուրայի։ Բացի այդ, եթե նախկինում ուսանողները համեմատաբար ազատ կարող էին փոխել մասնագիտությունը կամ բուհը, հիմա այդ հնարավորությունները զգալիորեն սահմանափակվում են, հատկապես մագիստրոսական ծրագրերում»։

Ամերիկյան կրթության գրավչությունը հայաստանցի ուսանողների համար վերջին տարիներին նվազել է։ Ֆինանսական և վիզային դժվարությունների պատճառով շատերը նախընտրում են եվրոպական կամ ասիական բուհերը։ Փոխվում է նաև ուսման աշխարհագրությունը՝ նկատում է Սերոբ Խաչատրյանը։

«Վերջին տարիներին Հայաստանից Միացյալ Նահանգներ մեկնող ուսանողների թիվը կտրուկ նվազել է։ Ավելացել է Եվրոպա, Չինաստան, Միացյալ Արաբական Էմիրություններ մեկնողների թիվը։ Պատճառներից մեկն այն է, որ շատերը կրթաթոշակ չեն ստանում, իսկ ԱՄՆ-ում ուսումը բավական թանկ է։ Եվրոպայում կան անվճար կամ ավելի մատչելի կրթական ծրագրեր, Չինաստանում և Միացյալ Արաբական Էմիրություններում նույնպես կան մրցունակ առաջարկներ, ուստի ԱՄՆ մեկնողների թիվը նվազել է»։

ԱՄՆ-ում կրթություն ստացող հայ ուսանողների թիվը թեև նվազել է, այնուամենայնիվ, փոքր չէ․ հայաստանցի շատ դիմորդներ նույնիսկ կրթաթոշակ են ստանում։

«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ հաստատ կլինեն մեկնողներ։ Ունենք բազմաթիվ երեխաներ, որոնք ընդունվում են Միացյալ Նահանգների համալսարաններ, կան նաև մինչև 100 տոկոս կրթաթոշակ ստանալու դեպքեր։ Պարզապես նրանց թիվը նախկինի համեմատ նվազել է, և նրանք ստիպված կլինեն իրենց ուսումնառությունը պլանավորել արդեն նոր կանոնների շրջանակում»։

Անունները չհրապարակելու պայմանով «Ռադիոլուրի» հետ զրույցում ԱՄՆ-ի բուհեր դիմել պատրաստվող հայաստանցի երիտասարդները մտահոգվում են նոր սահմանափակումների ստեղծած որոշակի անորոշություններով։

«Իմանալով ԱՄՆ-ում սովորելու առանձնահատկությունը, երբ հնարավոր էր նախատեսված 4 տարվա ծրագիրն ավարտել 5-6 տարում, հիմա մտավախություն ունեմ, որ եթե չհասցնեմ, կարող եմ լրացուցիչ փաստաթղթավորման կամ վիզային խնդիրների առաջ կանգնել։ Բայց, միևնույն է, ուզում եմ հենց ԱՄՆ-ում կրթություն ստանալ»։

«Դեռ վերջնական որոշում չեմ կայացրել։ Մտածում եմ սպասել և, եթե անհրաժեշտ լինի, հաջորդ տարի դիմել եվրոպական բուհեր։ ԱՄՆ-ում սովորելը շարունակում է երազանք լինել, բայց հիմա արդեն ավելի շատ անորոշություններ կան»։

Նոր կանոնակարգի հրապարակումից հետո ամերիկյան մի շարք համալսարաններ և կրթության ոլորտի մի շարք միջազգային կազմակերպություններ քննադատել են փոփոխությունները՝ նշելով, որ դրանք կարող են նվազեցնել ԱՄՆ-ի մրցունակությունը կրթական շուկայում, բարդացնել օտարերկրյա ուսանողների կրթական ուղին և ավելացնել վարչարարական բեռը։

Ըստ ԱՄՆ Պետքարտուղարության ֆինանսավորմամբ գործող Open Doors-ի (Institute of International Education, IIE) վիճակագրության՝ 2024-25 ուսումնական տարում ԱՄՆ բուհերում սովորել է շուրջ 1,18 միլիոն արտասահմանյան ուսանող։ Հայաստանը նրանց թվում փոքր ներկայացվածություն ունի՝ տարեկան մի քանի հարյուր ուսանողով․ վերջին տարիներին հայաստանցի ուսանողների հիմնական հոսքը տեղափոխվում է Եվրոպայի և Ասիայի բուհեր։

Open Doors-ի երկիր առ երկիր վիճակագրության համաձայն՝ 2023-24 ուսումնական տարում ԱՄՆ-ում սովորել է  Հայաստանի 269 քաղաքացի՝ նախորդ տարվա համեմատ՝ մոտ 4.7% -ով ավելի։

Կարդացեք նաև

Back to top button