ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Տոպրակները միայն թղթից ու գործվածքից․ 2027-ից Հայաստանում կարգելվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ իրերի արտադրությունն ու վաճառքը

Հայաստանում տարեկան հազարավոր տոննաներ պլաստմասսայե իրեր ու պոլիէթիլենային տոպրակներ են սպառվում։ 2027 թ․ հունվարի 1-ից դրանց արտադրությունն ու վաճառքը կարգելվի օրենքով։ 2022 թ․ հունվարի 1-ից Հայաստանում գործում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքը առևտրի օբյեկտներում՝ բացառությամբ կշռման համար նախատեսվածների և երկրորդային հումքից պատրաստվածների։ Բայց այս խնդիրը ունի երկու շերտ․ մի կողմում շրջակա միջավայրի պաշտպանությունն է, մյուս կողմում՝ տնտեսվարողները։ Ի դեպ, արտադրությունը վերապրոֆիլավորելու համար նրանց անցումային ժամանակ էր տրվել։

Պլաստիկ իրերի աստիճանական կրճատում ՀՀ-ում․ կառավարության՝ 2021-2026 թթ․ գործողությունների ծրագրում ամրագրված այս միջոցառումը 2027-ից ուժի մեջ կմտնի։ Հունվարի 1-ից Հայաստանում կարգելվի մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքը և առևտրի ու հանրային սննդի օբյեկտներում դրանց օգտագործումը: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք հարակից օրենքներում համապատասխան փոփոխությունները արդեն քննարկվել են։ ՇՄ նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանն ընդգծում է․

«Սա պետության մշակված քաղաքականությունն է պլաստիկի կրճատման առումով։ Տարեկան 14 հզր տոննայից ավելի պլաստիկ աղբ է առաջանում Հայաստանում։ Պատկերացրեք ծավալները»։

Արգելքը կգործի նաև շարժական առևտրի կետերի, տոնավաճառների և մանրածախ առևտրի դեպքում: Բացառություն են ապրանքը կշռելու և փաթեթավորելու համար նախատեսված տոպրակները և աղբի՝ երկրորդային հումքից պատրաստված տոպրակները․

«Նախատեսում ենք արգելել պոլիէթիլենային տոպրակների վաճառքը առհասարակ։ 50 միկրոնը ևս վերանում է։ Փաթեթավորումը, որպես բացառություն, մնում է աղբի համար։ Որպես բացառություն մնում են երկրորդային հումքից արտադրված, վերամշակված տոպրակները։ Արգելվելու է մեկանգամյա պլաստիկ արտադրանքի վաճառքը՝ ափսե, դանակ, պատառաքաղ, գդալ, ձողիկները, կափարիչները, պլաստիկ բաժակները։ Այսինքն՝ մենք հնարավորինս փորձում ենք մոտարկել դիրեկտիվի պահանջները»։

Որպես այլընտրանք առաջարկվում են թղթից և գործվածքից պատրաստված տոպրակները:

Այդպիսով կնվազի շրջակա միջավայարին հասցվող վնասը։ Բայց խնդրի մյուս կողմում տնտեսվարողներն են, որոնք պլաստմասսայե իրեր են արտադրում։ Նրանք դեմ չեն, որ շրջակա միջավայրին հասցվող վնասը նվազեցվի, բայց մտահոգված են, որ իրենց բիզնեսն է վտանգի տակ հայտնվում։ Գործարար Հովհաննես Ամլիկյանն ասում է՝ գոհ է, որ կառավարությունը անցումային ժամանակ տվեց իրենց, բայց և դժվարություններն է ընդգծում․

«Բավական լուրջ դժվարություններ է ստեղծում արտադրողների համար, դա ոչ միայն մեր շրջանառության կրճատման է բերում, այլև մենք ունենք բարձր արժեք ունեցող սարքավորումներ, հոսքագծեր, որոնք օրենքի կիրառումից հետո դառնում են ոչ պիտանի։ Ցանկալի է, որ մեզ պարզապես հնարավորություն տրվի, որ կարողանանք հարմարվել՝ հնարավորինս նվազեցնելով կորուստները, թե չէ որևէ առարկություն չունենք, որ բնությունը մերն է, մենք մեր ապագա սերունդներին պետք է թողնենք մաքուր բնություն»։

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը նույնպես կարծում է, որ բիզնեսի համար խնդիրներ են ստեղծվելու՝ արտադրական ծավալներից մինչև աշխատատեղերի կրճատում․

«Պլաստիկ արտադրողների համար այս օրենքի գործարկումից հետո դժվարություններ կառաջանան։ Արտադրանքի ծավալը մոտ 15 տոկոսով կկրճատվի»։

Բիզնեսը դեռ ունի վերապրոֆիլավորվելու ժամանակ․ 2022-ից 2027-ը հենց այդ փուլն է։ ՇՄ նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը վստահեցնում է, որ բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել արտադրողների հետ․

«Ուրախությամբ կարող եմ նշել, որ այսօր ունենք պլաստիկ արտադրողներ, որ արդեն իսկ փորձում են վերապրոֆիլավորվել ու կենսաքայքայվող հումքից պատրաստված տոպրակներ արտադրել»։

Խախտումների համար օրենքը վարչական պատասխանատվություն է նախատեսում. առաջին խախտման դեպքում՝ նախազգուշացում, կրկնվելու դեպքում՝ տուգանք 100-150 հզր դրամի չափով: Այս պահին տուգանքը 30-100 հզր դրամ է:

Կարդացեք նաև

Back to top button