
Արևիկ Կիրակոսյան
«Ռադիոլուր»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս կրկին հայտարարել է, որ Բաքուն քննարկել է ոչ միայն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) գործունեությունը դադարեցնելու, այլև Եվրոպայի խորհրդից ամբողջությամբ դուրս գալու հարցը։ Շուշիում անցկացված մեդիա ֆորումում նա ասել է, որ այդ քննարկումները սկսվել են դեռ 2024-ի հունվարից, երբ ԵԽԽՎ-ն հրաժարվեց վավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նման քայլը Ադրբեջանի և Եվրոպայի խորհրդի համար, և որն է Բաքվի այսպես ասած «զգուշացումների» ենթատեքստը։
2024-ի հունվարից ի վեր Ալիևը առնվազն երկու անգամ հրապարակավ խոսել է Եվրոպայի խորհրդից դուրս գալու հնարավորության մասին։ Հուլիսի 13-ին Շուշիում կազմակերպված մեդիա համաժողովին Ադրբեջանի նախագահը նոր շեշտադրմամբ է հայտարարել, թե Բաքուն լրջորեն քննարկում է ոչ միայն հարաբերությունները սառեցնելը, այլև կառույցից դուրս գալը։ Այդ քննարկումները հաջորդել են 2024 թվականի ԵԽԽՎ-ի հունվարյան որոշմանը, որն Ալիևը համարում է քաղաքական, կողմնակալ և կրկին պնդել է իր ակնկալիքը, թե ադրբեջանական պատվիրակությունը պետք է վերականգնվի ԵԽԽՎ-ում։ Ալիևը Շուշիում նաև ասել էր, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն իրեն կոչ է արել չշտապել նման հարցում և շարունակել երկխոսությունը։
Ադրբեջանն անդամակցում է Եվրոպայի խորհրդին 2001-ից, սակայն վերջին տարիներին հարաբերությունները կառույցի հետ ամենալարված փուլում են։ Այս ընթացքում մշտապես հնչել են սուր քննադատություններ այդ երկրում ժողովրդավարական խնդիրների և «խավիարային դիվանագիտության» առնչությամբ։ 2023 թվականին հարաբերություններն առավել սրվեցին Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների, ռազմական գործողությունների և դրանց հետևանքով հնչած միջազգային քննադատության ֆոնին։
2024-ի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն վիճարկեց Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները և ներկայացրեց դրանք չվավերացնելու առաջարկ՝ հիմնավորելով՝ երկիրը չի կատարում ԵԽ հանդեպ պարտավորությունները։ Օրեր անց ԵԽԽՎ-ն 76 կողմ, 10 դեմ և 4 ձեռնպահ ձայներով չվավերացրեց ՝ Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։
«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ՄԻԵԴ և ՍԴ նախկին դատավոր, իրավաբան Ալվինա Գյուլումյանը, գնահատելով Ադրբեջան-ԵԽ հարաբերությունները. նկատում է. մեջբերում.
«Ադրբեջանը լրջորեն խախտել է մարդու իրավունքները, ինչն անընդունելի է ԵԽ-ի համար, և եթե Ադրբեջանը հրաժարվի հետևել ԵԽ հանձնարարականներին, ինչպես նաև չկատարի ՄԻԵԴ-ի վճիռները, ապա այդ հարաբերությունները իրապես կարող են վերածվել խորքային հակասության, ինչի մասին, կարծում եմ, դեռ վաղ է խոսել»։
Իրատեսակա՞ն է Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդից դուրս գալը, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դա. Գյուլումյանը մանրամասնում է.
«Իհարկե, ԵԽ յուրաքանչյուր անդամ կարող է դուրս գալ կազմակերպությունից՝ պահպանելով սահմանված ընթացակարգերը։ Բայց որքանո՞վ է ցանկալի լքել եվրոպական այդ ընտանիքը և հայտնվել որոշակի մեկուսացվածության մեջ։ Կարծում եմ՝ Ադրբեջանը նման սպառնալիքով ավելի շուտ ցանկանում է ազդել ԵԽ-ի վրա և հասնել իր համար նպաստավոր որոշումների կայացմանը։ Դժվար է խիստ որոշակի պատասխանել հարցին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ, բայց, ամեն դեպքում, Ադրբեջանը կհայտնվի որոշակի մեկուսացման մեջ, որն իր քաղաքացիների և նրանց իրավունքների համար կլինի վնասակար, ինչպես նաև կազդի իր միջազգային վարկի վրա։ Իսկ ԵԽ-ի համար աստեղ որևէ խնդիր չկա. խնդիրը միայն նրանում է, որ, կարծես թե, դրանով ԵԽ-ն կարձանագրի իր ջանքերի ապարդյունությունը»։
Ինչը կարող է նպաստել ԵԽ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը. ՄԻԵԴ նախկին դատավորի գնահատումն այսպիսին է. մեջբերում.
«Հարաբերությունների կարգավորման համար կամ Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները ԵԽ-ի առջև, այն է՝ երկրում ժողովրդավարության ամրապնդում, իրավունքի գերակայության զարգացում, մարդու իրավունքների որոշակի մակարդակի ապահովում։ Եւ եթե Ադրբեջանը պատրաստակամ լինի որոշակի աջակցության դեպքում հասնել Եվրոպայի խորհրդի համար առավել ընդունելի մակարդակի, ապա այդ հարցն ինքնըստինքյան կփակվի։ Մյուս տարբերակը կլինի Եվրոպայի խորհրդի կողմից, որոշակի հանգամանքներից ելնելով, զիջումների գնալը, որը, իհարկե, մեզ համար անցանկալի է»։
Գյուլումյանի հիշատակած հնարավոր զիջումների համատեքստում փորձագետները հաճախ մատնանշում են նաև Ադրբեջանի էներգետիկ նշանակությունը Եվրոպայի համար, որը կարող է քաղաքական ազդեցության գործոն լինել։
Բաքվի՝ եվրոպական ընտանիքից ինքնամեկուսացման հնարավոր սցենարին զուգահեռ, միջազգային հեղինակավոր կառույցներն ու վերլուծական կենտրոնները՝ պարբերաբար ահազանգում են, որ Եվրոպայի խորհրդից դուրս գալը կարող է լուրջ հարված հասցնել հենց Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը՝ նրանց զրկելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունից։ Եվրոպայի խորհրդից դուրս գալու դեպքում երկիրը կդադարի լինել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմ, և նոր խախտումների վերաբերյալ քաղաքացիներն այլևս չեն կարողանա դիմել ՄԻԵԴ։




