Իրանը նոր հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին՝ ի պատասխան իրանական քաղաքների վրա ամերիկյան հրթիռակոծությունների։ Միացյալ Նահանգները հարվածել էր Իրանի ռազմական ստորաբաժանումներին՝ վրեժ լուծելով Հորդանանում ամերիկացի զինվորների սպանության համար։ Խաչաձև այս հարվածները ավելի են խորացրել Հորմուզի նեղուցի շուրջը ստեղծված ճգնաժամը։
Իրանի և Միացյալ Նահանգների փոխադարձ հարվածներն օր օրի ավելի են սաստկանում։ Մեկ ամիս առաջ ստորագրված ժամանակավոր հրադադարի համաձայնագիրը չեղարկվեց տասը օր առաջ։ Կողմերը մեղադրում են միմյանց Իսլամաբադի համաձայնագիրը խախտելու համար։ ԱՄՆ–ն հայտարարում է, որ Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերը պաշտպանելու համար հարվածների նոր ալիք է սկսել, որի թիրախում իրանական անօդաչուների կայանքներն են, ափամերձ դիտարկման կենտրոնները, ծովային կարողությունները, կապի միջոցները և այլն։ Ամերիկացիները հրթիռակոծել են Թավրիզը, Չաբահարի նավահանգիստը, Բանդար Աբասը, Բանդար Իմամ Խոմեյնին։
Հակամարտող կողմերը ավելի վաղ հաղորդել էին, որ իրանական հարվածներից ամերիկացի զինվորականներ են սպանվել։
Ըստ ամերիկյան պաշտոնական տվյալների՝ պատերազմի մեկնարկից ի վեր ամերիկացի 18 զինծառայող է զոհվել, ավելի քան 400-ը՝ վիրավորվել։
Թեհրանը հաղորդում է, որ հարվածել է Հորդանանի ամերիկյան ավիաբազային և Սիրիայի ամերիկյան հատուկ գործողությունների շտաբին։ Չեն շրջանցվել նաև Քուվեյթի ամերիկյան ռազմաբազաները։ Բահրեյնում էլ իրանական ուժերը հրթիռակոծել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի բազան։
Այդ հարվածների տարափից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանի հետ բանակցելու, սակայն դիվանագիտությունը պետք է իրական լինի․
«Կարծում եմ՝ մենք միշտ բաց ենք դիվանագիտության համար, բայց այն պետք է իրական լինի։ Այն պետք է լինի գործարք, որով նրանք պատրաստ լինեն ապրելու։ Իրանը մեկ շաբաթ առաջ պետք է հայտարարություն տարածեր, որ Հորմուզի նեղուցը բաց կլինի, և որ նրանք այլևս չեն հարձակվի նավերի վրա։ Դրա փոխարեն նրանք հարձակվեցին երեք նավի վրա։ Այսինքն՝ նրանց վարքագիծը պետք է փոխվի, որպեսզի մերը փոխվի»։
Ըստ Ռուբիոյի՝ նավագնացությունը պետք է ազատ լինի՝ առանց վճարների ու հարձակումների։ Մեջբերելով Ռուբիայի խոսքերը՝ AP–ն հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփն ընդամենը մի քանի օր առաջ հայտարարեց Իրանի նկատմամբ շրջափակումը վերականգնելու մասին, նաև ասաց, որ 20 % վճար կսահմանի Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար։ Թրամփի այս հայտարարությունը Ռուբիոն այսպես է մեկնաբանել․
«Այսպիսով, նախագահը, ըստ էության, շոշափում է այն հարցը, որ նեղուցներով նավարկությունից օգտվող երկրներն ու ազգերը պետք է կարողանան առաջ շարժվել և ապահովել առնվազն ֆինանսական օգնություն մատակարարման ծախսերի համար»։
Իրանական բանակի համատեղ հրամանատարությունն ի պատասխան հայտարարել է՝ ԱՄՆ ագահությունը, ահաբեկչությունը, տոտալիտարիզմը կամ դաժանությունը կհանդիպեն ավերիչ պատասխանի․
«Խաթամ ալ Անբիա կենտրոնական շտաբը զգուշացնում է խաբեբա ամերիկացի թշնամուն. Իրանի զինված ուժերը կործանարար պատասխան կտան յուրաքանչյուր բռնության»:
Ի լրումն այս հայտարարության՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային էլ ասել է, որ Թեհրանը պատերազմը և դիվանագիտությունը վարում է ելնելով իր ազգային շահերից․
«Ես մերժում եմ այն երկընտրանքը, թե կա՛մ պատերազմ է, կա՛մ դիվանագիտություն։ Դիվանագիտությունը գործիք է, որի միջոցով մենք հետապնդում ենք մեր ազգային շահերը, ճիշտ այնպես, ինչպես պատերազմը»։
AP–ն, ամփոփելով իրադրությունը, գրում է, որ վերջին հարձակումները կրկին ցույց տվեցին, թե ինչպես են ԱՄՆ-ն և Իրանը քայլ առ քայլ մոտենում լայնածավալ պատերազմին, քանի որ միջանկյալ համաձայնագիրը, որով նախատեսվում է մշտապես դադարեցնել մարտական գործողությունները, այլևս չի գործում, և Հորմուզի նեղուցում նավագնացությունը կանգ է առել։




