
Աշխարհում սկսվել է տեխնոլոգիական նոր մրցավազք, որի գլխավոր մասնակիցներն արհեստական բանականությամբ գործող համակարգերն են։ ChatGPT-ից մինչև Gemini, Claude և DeepSeek տեխնոլոգիական ընկերությունները պայքարում են ոլորտում առաջատար դիրք զբաղեցնելու համար։ Այս մրցավազքում որոշվում է ոչ միայն տեխնոլոգիական զարգացման ուղղությունը, այլև գծվում է ապագա թվային աշխարհի քարտեզը։
Մինչ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է պատերազմների, տնտեսական ճգնաժամերի և քաղաքական իրադարձությունների վրա, մեկ այլ մրցավազք շարունակվում է գրեթե աննկատելիորեն։ Այստեղ գլխավորը ոչ թե զինատեսակներն ու զինանոցն են, այլ ալգորիթմները, տվյալներն ու հաշվողական համակարգերի հզորությունը։
Ամեն ինչ սկսվեց ChatGPT-ից։ 2022 թվականի վերջին OpenAI-ի ստեղծած չատբոտը մի քանի շաբաթում դարձավ միլիոնավոր մարդկանց ամենօրյա զրուցակիցը՝ ցույց տալով, որ մեքենան ոչ միայն հաշվում է կամ որոնում, այլև քեզ հետ մտածում, գրում, վերլուծում, ծրագրավորում, թարգմանում և անգամ ստեղծագործում։ Այդ պահից տեխնոլոգիական աշխարհը բաժանվեց երկու շրջանի՝ մինչև ChatGPT-ն և դրանից հետո։
Մրցակիցների արձագանքը չուշացավ։ Google-ը ներկայացրեց Gemini-ն՝ միավորելով իր որոնողական ու թվային հսկայական էկոհամակարգի ուժը արհեստական բանականության հետ։ Anthropic-ը ստեղծեց Claude-ը, որն անմիջապես հայտնի դարձավ ծավալուն տեքստեր վերլուծելու և ծրագրավորման բարդ խնդիրներ լուծելու կարողությամբ։ Microsoft-ը Copilot-ն արագորեն վերածվեց գրասենյակային աշխատանքում թվային օգնականի, իսկ Իլոն Մասկի xAI-ը ներկայացրեց Grok-ը՝ փորձելով այն դարձնել աշխարհի իրադարձություններին արձագանքող զրուցակից։
Մինչ ամերիկյան տեխնոլոգիական հսկաները պայքարում են առաջատարի դիրքի համար, մրցավազքին նոր թափ է հաղորդում Չինաստանը։ Վերջին օրերին ուշադրության կենտրոնում է Պեկինում գործող Moonshot AI ստարտափի նոր Kimi K3 մոդելը։ Մասնագետների գնահատմամբ՝ այն իր հնարավորություններով արդեն մրցում է ChatGPT-ի և Claude-ի առաջատար տարբերակների հետ՝ ցույց տալով, որ արհեստական բանականության համաշխարհային մրցավազքում Չինաստանն այլևս երկրորդ պլանում չէ։
Arena արհեստական ինտելեկտի համակարգերի գնահատման հարթակի համահիմնադիր Անաստասիոս Անգելոպուլոսը սոցիալական ցանցի իր էջում գրել է։ Մեջբերում․
«Սա կարող է լինել տարվա ամենամեծ թողարկումը և նշանավորել այն պահը, երբ չինական բաց կոդով մոդելները գերազանցում են ամերիկյան փակ մոդելները։ Ավելի շատ արդյունքներ են հայտնվում, որոնք հավանաբար կապացուցեն Պեկինի առաջատարությունը»։
Հավանաբար պատահական չէր, որ Kimi K3-ի ներկայացումը տեղի ունեցավ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի՝ Շանհայում Արհեստական բանականության համաշխարհային համաժողովի բացման ելույթից ընդամենն օրեր առաջ։

Չիպերի և առաջատար տեխնոլոգիաների հասանելիության նկատմամբ ԱՄՆ սահմանափակումները, Չինաստանի նախագահի խոսքով, Պեկինին ստիպել են արագացնելու սեփական տեխնոլոգիական զարգացումը։ Հետևաբար, արհեստական բանականության ոլորտում մրցակցությունը երկու խոշորագույն տնտեսությունների միջև դարձել է ոչ միայն տեխնոլոգիական, այլև ռազմավարական պայքար․
«Մեկ լարը չի կարող մեղեդի ստեղծել, և մեկ ծառն անտառ չի ստեղծում։ Արհեստական բանականության զարգացումը պետք է լինի ոչ թե մի երկրի մենակատարումը, այլ գլոբալ գործակցության համանվագը։ Մենք պետք է ամրապնդենք անվտանգության ցանկապատերը, կանխենք չարաշահումը և չարամիտ օգտագործումը, և ապահովենք, որ արհեստական բանականությունը միշտ մարդկային վերահսկողության տակ լինի։ Միևնույն ժամանակ մենք պետք է դեմ լինենք միջազգային անվտանգության և ազգային անվտանգության փոխարեն արհեստական բանականության ոլորտում մեկ երկրի անվտանգության մեծացմանը»։
Արհեստական բանականությունն արդեն դարձել է տնտեսական և քաղաքական ազդեցության կարևոր գործիք։ Միլիարդավոր դոլարներ են ուղղվում նոր մոդելների ստեղծմանը, հսկայական տվյալների կենտրոնների կառուցմանը և նոր սերնդի չիպերի արտադրությանը։ Աշխարհի խոշորագույն ընկերությունները պայքարում են լավագույն մասնագետների համար, իսկ պետություններն արհեստական բանականությունը դիտարկում են ոչ միայն տնտեսական աճի շարժիչ, այլև տեխնոլոգիական անկախության հարց։
Բայց որքան մեծանում են հնարավորությունները, այնքան շատանում են նաև հարցերը։ Ո՞վ է պատասխանատվություն կրելու արհեստական բանականության սխալների համար, որտեղո՞վ է անցնում ստեղծագործության և պատճենման սահմանը։ Ինչպե՞ս պետք է պաշտպանվեն անձնական տվյալները և կանխվեն կեղծ տեղեկության ալիքները։ Այս հարցերի պատասխաններն այսօր նույնքան հուզում են կառավարություններին, միջազգային կառույցներին ու հենց տեխնոլոգիական ընկերություններին, որքան հաջողությունը՝ տեխնոլոգիական մրցավազքի մասնակիցներին։




