ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Բյուրեղավանում դարձյալ աղիքային վարակ է. պատճառը դեռևս հայտնի չէ

Բյուրեղավանում և հարակից բնակավայրերում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել։ Կան հոսպիտալացվածներ, բժշկի դիմողների թիվը աճում է։ Ո՞րն է թունավորման նախնական վարկածը՝ ըստ մասնագետների։

Բյուրեղավանում շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում 15 կանչ է ստացել, որից 6-ն ավարտվել են հոսպիտալացումով: Ըստ պաշտոնական տվյալների՝ այս պահին աղիքային վարակի կասկածով համաճարակաբանական հետազոտություններ, նմուշառում և լաբորատոր հետազոտություններ են կատարվում, որպեսզի պարզվեն հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները։

Ստեղծված իրավիճակը հասկանալու համար «Ռադիոլուր»-ը զրուցել է Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանի հետ․

«Երեկ՝ երեկոյից, կանչեր են եղել՝ սրտխառնոց, փսխում, որոշ դեպքերում՝ նաև լուծ, ինչ որ կար սրանից մի 2,3 ամիս առաջ»։

Պոլիկլինիկայի տնօրենն ասաց, որ կանչերը միայն Բյուրեղավան քաղաքից չեն եղել.

«Առավոտ շուտ մենք հայտնել ենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն։ Եկել են երեք բրիգադով, որովհետև բնակիչները դիմել էին և՛ Նուռնուսից, և՛ Բյուրեղավանից, և՛ Արզնիից»։

Ըստ Արմեն Վարդումյանի՝ կանչերը դեռ շարունակվում են, և միայն իրենց պոլիկլինիկա արդեն տասնյակ քաղաքացիներ են դիմել.

«Կանչերն իհարկե շարունակվել են. մոտ 15-16 կանչ սպասարկվել է տներում, ևս մոտ 30 քաղաքացի անձամբ է դիմել պոլիկլինիկա, իսկ բազմաթիվ մարդիկ էլ հեռախոսազանգերի միջոցով ստացել են համապատասխան խորհրդատվություն»։

Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության։

Բնակիչների շրջանում ակտիվորեն խոսվում է խմելու ջրի հնարավոր աղտոտման մասին։ Այս լուրերի հավաստիությունը ճշտելու համար «Ռադիոլուր»-ը զրուցել է Բյուրեղավանի համայնքապետի մամուլի քարտուղար Մերի Կարապետյանի հետ։

«Կասկածներ կան, որ խնդիրը կապված է ջրի հետ, բայց մենք հստակ տեղեկություն չենք կարող այս պահին տալ»։

Ջրի աղտոտման մասին շրջանառվող լուրերին պաշտոնապես արձագանքել է «Վեոլիա ջուր» ընկերությունը․

«Բյուրեղավան համայնքում խմելու ջրի վերաբերյալ մամուլում տարածված հրապարակումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը սահմանված կարգով և պարբերաբար կատարում է խմելու ջրի նմուշառումներ ջրաղբյուրներում և օրվա կարգավորիչ ջրամբարներում։ Կատարված հետազոտությունների արդյունքներով՝ խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել»։

Մերի Կարապետյանը մեզ փոխանցեց, որ վերջին ժամերին հիվանդանոց տեղափոխվածների թիվն ավելացել է.

«Վերջին երկու ժամվա տվյալներով՝ արդեն հոսպիտալացվել է 12 բնակիչ։ Նրանք Աբովյանի բժշկական կենտրոնում են, բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այս պահին այսքանը կարող եմ ասել, սպասում ենք մասնագետների հետազոտությունների արդյունքներին»։

Աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր Բյուրեղավանում արձանագրվել էին նաև ապրիլի 21-ին։ Այդ օրը հոսպիտալացվել էր 11 քաղաքացի։ Նմուշառումից և լաբորատոր հետազոտումից հետո պարզվել էր, որ խմելու ջրում կոլիֆորմ մանրէներ կան: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնել էին, որ կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և այլ ախտածիններ։ 

Կարդացեք նաև

Back to top button