ԿարևորՀասարակություն

Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման մեջ

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարն օրինականացրել է Կոտայքի մարզի Արտավազ համայնքին պատկանող՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը:

Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված անձը Արտավազ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողամասն իրենը դարձնելու նպատակով, պաշտոնական փաստաթղթերում ներառել է կեղծ տեղեկություններ՝ այդ կերպ անհատույց օտարելով 17 մլն 940 հազար դրամ շուկայական արժեքով հողամասը: Այնուհետև, ապօրինի գործարքում իր մասնակցությունը թաքցնելու համար, հիշյալ պաշտոնյան գույքի ձեռքբերումը իրականացրել է Արտավազ համայնքի երկու բնակիչների անվամբ և նույն համայնքի ղեկավարի օժանդակությամբ:

Բացի այդ, հիշյալ պաշտոնյան՝ որպես գույքի փաստացի տնօրինող, դրա հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով գույքի սեփականատիրոջն ուղղորդել է հողամասը ձևական առուվաճառքի պայմանագրով՝ 1 մլն դրամով օտարել իր ազգականին և վարորդին:

Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարին ու նրան օժանդակած 2 անձանց մեղադրանքներ են ներկայացվել: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաև

Back to top button