ԿարևորՄիջազգային

Բայրամովի այցին ընդառաջ. Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը

Ռուսաստանի համար կարեւոր են խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում, եւ Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, նշված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի Մոսկվա պաշտոնական այցից առաջ՝ ՌԴ ԱԳՆ-ն շեշտել է. «Մեզ համար կարեւոր են խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում։ Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ ենք ցուցաբերել պահանջված աջակցություն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների լիարժեք կարգավորման գործում, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանի սահմանազատման եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում»։

Հայտարարության մեջ նշված է, որ քննարկվելու են երկկողմ համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ կարծիքներ են փոխանակվելու տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի առավել արդիական հարցերի շուրջ։

«Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրատնտեսական կապերը շարունակում են ամրապնդվել։ Ապրիլի 16-ին Ադրբեջանի Զանգելան քաղաքում հաջողությամբ անցկացվել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը»,- նշված է հայտարարության մեջ։

Մոսկվան շեշտել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի կարեւոր գործընկերն է Հարավային Կովկասում եւ Կասպյան տարածաշրջանում։ Երկու երկրների հարաբերությունները հետեւողականորեն զարգանում են բարեկամության եւ բարի հարեւանության ավանդույթների ոգով։

«Մոսկվայի եւ Բաքվի միջեւ պահպանվում է կանոնավոր, վստահելի երկխոսություն՝ բարձրագույն եւ բարձրաստիճան մակարդակներում»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։

Կարդացեք նաև

Back to top button