
ՀՀ կառավարությունը հուլիսի 16-ի նիստում հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագծին։ Սրանով պաշտոնապես մեկնարկում է փաստաթղթի վավերացման ներպետական գործընթացը։
«Մենք սկսում ենք ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև TRIPP նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը։ Որոշման ընդունմամբ մենք նախագիծը սահմանված կարգով կուղարկենք ՍԴ»,- կառավարության նիստում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«TRIPP զարգացման ընկերությունը» նշված գոտիներում կստանա հողօգտագործման և կառուցապատման իրավունք նախնական 49 տարի ժամկետով, որի ընթացքում բաժնեմասերը կբաշխվեն 74 տոկոս՝ ԱՄՆ-ին, և 26 տոկոս՝ Հայաստանին հարաբերակցությամբ։ Այս ժամկետը լրանալուց հետո, կողմերի փոխադարձ համաձայնությամբ, պայմանագիրը հնարավոր է երկարաձգել ևս 50 տարով, ինչի արդյունքում Հայաստանի բաժնեմասը ընկերությունում կավելանա՝ հասնելով 49 տոկոսի։
Այս ամենով հանդերձ, Հայաստանի Հանրապետությունը լիովին պահպանում է իր ինքնիշխանությունն ու լիիրավ իրավազորությունը պետական սահմանի կառավարման, սահմանային վերահսկողության, մաքսային վարչարարության և երկրի տարածքում իրականացվող բոլոր մաքսային գործընթացների նկատմամբ։
Համաձայն ներպետական օրենսդրության և միջազգային համաձայնագրերի՝ Հայաստանը շարունակելու է բացառիկ պատասխանատվություն կրել անվտանգության ու իրավապահ գործունեության, սահմանային վերահսկողության ու սահմանային անվտանգության, մաքսային և միգրացիոն վերահսկողության համար։ Պետության իրավասության ներքո են մնում նաև հարկերի ու տուրքերի փոխանցումը պետբյուջե, պետական տեղեկատվական համակարգերի գործարկումը, ինչպես նաև պետական վարչական գործառույթներն ու ընդհանուր վերահսկողությունը։
«TRIPP» ռազմավարական շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել է 2026 թվականի մայիսի 26-ին Երևանում՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից։ Դրանից օրեր անց՝ հունիսի 1-ին Վաշինգտոնում և հունիսի 4-ին Երևանում, կողմերը պաշտոնապես ստորագրել են փաստաթուղթը։
«TRIPP» ռազմավարական շրջանակային համաձայնագրի ստորագրմանը նախորդել են երկու հանգրվանային իրադարձություններ։ Նախ, 2025 թվականի օգոստոսի 8-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ու վկայությամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահը ստորագրել են Խաղաղության հռչակագիրը և դրան առնչվող այլ փաստաթղթեր։ Այնուհետև՝ 2026 թվականի հունվարի 13-ին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել են «TRIPP-ի իրականացման շրջանակ» փաստաթուղթը։




