
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հաջորդ շաբաթ հարվածներ հասցնել Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին, եթե Թեհրանը չվերադառնա բանակցությունների սեղանին, հայտնում է BBC-ն:
Այս հայտարարությունը հնչում է, երբ երկու երկրները արդեն չորրորդ օրն անընդմեջ ակտիվորեն հրետակոծում և հրթիռակոծում են միմյանց դիրքերը: Վերջին օրերին ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Բամպուր քաղաքի իրանական ռազմաբազային՝ սպանելով առնվազն յոթ զինվորականի, ինչին Իրանը պատասխանել է Հորդանանում, Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան օբյեկտների հրթիռակոծմամբ։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը չեղարկել է Հորմուզի նեղուցով անցնող բոլոր բեռների համար նախկինում հայտարարված 20% տուրքի սահմանումը, սակայն դրա փոխարեն ամբողջությամբ վերսկսել է իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը։ «Հաջորդ շաբաթ նրանց համար իրավիճակը իսկապես կվատանա. մենք շարքից հանելու ենք նրանց բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե նրանք չգան և չնստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- հայտարարել է Թրամփը:
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Կազեմ Ղարիբաբադին արդեն արձագանքել է ԱՄՆ նախագահի վերջնագրին՝ շեշտելով, որ Վաշինգտոնի այս քայլերը վերջնականապես տապալել են նախկինում ձեռք բերված հրադադարի համաձայնությունները, և Իրանը հրաժարվում է բանակցել ռազմական ու տնտեսական բլոկադայի պայմաններում։
Այս սրացման պատճառով նավագնացությունը ռազմավարական կարևորություն ունեցող Հորմուզի նեղուցում նվազել է՝ հասնելով վերջին երկու ամսվա ամենացածր մակարդակին, ինչն անմիջապես հանգեցրել է համաշխարհային շուկայում Brent տեսակի նավթի գների կտրուկ աճին:




