
Վերջին 5 տարիներին հայ-ֆրանսիական հարաբերությունները տեսանելիորեն զարգացում են ապրել։ Դրանց գագաթնակետը 2026-ին ստորագրված ռազմավարական գործընկերության պայմանագիրն է։ Հետագա ծրագրերի մասին խոսելիս երկու պետությունների ղեկավարներն օգտագործում են «հավակնոտ» ձևակերպումը։ Հայաստանն ընդգծում է Ֆրանսիայի առանցքային դերակատարությունն ու հետևողական աջակցությունը Եվրոպական միության հետ գործընկերության խորացման և երկկողմ օրակարգի ընդլայնման գործում։
Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առիթով «Ռադիոլուր»-ն ի մի է բերել երկկողմ գործակցության ուշագրավ դրվագները։
Անկախ Հայաստանի պատմության ընթացքում պաշտոնական Երևանն ընդունել է Ֆրանսիայի չորս նախագահի։ Հայաստանում են եղել Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը և երկու անգամ՝ Էմանուել Մակրոնը։ Տարիների գործակցության գագաթնակետը 2026-ն էր, երբ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները ձեռք բերեցին նոր որակ և ռազմավարական բովանդակություն։ Երկկողմ հարաբերությունների էությունը Հայաստանի վարչապետը վերջերս պատկերավոր էր նկարագրել․
«Երբ թվում էր, թե Հայաստանի Հանրապետությունը այլևս չունի ոչ մի հույս և հենարան, և չկա մի ուժ և անհատ, որը կարող է մեր ձեռքը բռնել, մենք ամենադժվար պահին զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը»։
Ֆրանսիայի նախագահներին մշտապես մեծ ոգևորությամբ են սպասել Հայաստանում․ շարքային քաղաքացիները որսացել են նրանց հայացքներն ու ժպիտները, սեղմել նրանց ձեռքը, անգամ կատարել ֆրանսիական «Մարսելիեզ»-ը՝ երբեմն նաև Ֆրանսիայի նախագահների ձայնակցությամբ։ Այդպես եղավ, օրինակ, Մակրոնի վերջին այցի ժամանակ երևանյան սրճարաններից մեկում։
Եթե փորձենք առանձնացնել վերջին տարիների հայ-ֆրանսիական գործակցության ուշագրավ դրվագները, ապա կստանանք հետևյալ պատկերը․
- Ֆրանսիան կոտրեց ԵՄ և ՆԱՏՕ անդամների համար երկար տարիներ գոյություն ունեցող տաբուն և պաշտոնապես սկսեց սպառազինություն ու ռադարներ մատակարարել Հայաստանին։
- ԵՄ–ում Ֆրանսիան դարձավ գլխավոր լոկոմոտիվը, որն ակտիվորեն առաջ մղեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը։
- Ստորագրվեցին մի շարք պայմանագրեր արհեստական բանականության (AI), կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտում համատեղ հետազոտությունների վերաբերյալ։
- Պաշտոնապես բացվեց Ֆրանսիայում ՀՀ դիվանագիտական առաքելության նոր նստավայրը։
- Ֆրանսիական ընկերությունները ներգրավվեցին Հայաստանի հարավում 8,6 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի կառուցման ծրագրի մեջ։
Հայ–ֆրանսիական հարաբերությունները միայն Երևան–Փարիզ գործակցությամբ չեն սահմանափակվում։ Պարզվում է՝ Գորիսը Հայաստանի ամենաֆրանկոֆոն բնակավայրն է։ Թերևս դա է պատճառը, որ Սյունիքի մարզում Ֆրանսիան ընտրել է հենց Գորիսը հյուպատոսական գրասենյակ բացելու համար։ Սյունիքը կարևոր տեղ ունի հայ–ֆրանսիական հարաբերություններում։ Դա չի թաքցրել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «Ռադիոլուր»–ին տված հարցազրույցի ժամանակ․
«Սյունիք ամենահաճախն եմ այցելում, որովհետև Հայաստանի ամենառազմավարական մարզն է և մյուս կողմից առանձնակի կապ ունի ֆրանսերենի հետ։ Բնակչության համամասնությամբ թերևս Հայաստանի ամենաշատ ֆրանսախոսներն ունեցող քաղաքն է»։
Սյունիքի հետ էր կապված նաև Ֆրանսիայի դեսպանի աղմկահարույց հայտարարություններից մեկը։ 2024 թվականին, անդրադառնալով ադրբեջանական նկրտումներին, Դըկոտինյին սոցիալական հարթակում գրել էր, մեջբերում․
«Մենք գիտենք, թե ինչ է դրված խաղատախտակին։ Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, և դրա ամրությունը վճռորոշ է ամբողջ երկրի համար»․ մեջբերման ավարտը։
Վերջին տարիներին հայ-ֆրանսիական հարաբերությունների աննախադեպ վերելքն ուղեկցվել է երկու երկրների առաջնորդների շրջադարձային և համարձակ հայտարարություններով։ Այդպիսին էր, օրինակ, Մակրոնի հայտնի հայտարարություն–մեղադրանքը՝ ուղղված Ռուսաստանին, Հայաստանը լքելու մասին։ Իսկ ավելի վաղ նա հիմնավորել էր Հայաստանին զենք մատակարարելու որոշումը․
«Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինատեսակների մատակարարման համար։ Ֆրանսիան կշարունակի կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով նրա ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական ուղուն»։
Այս որոշումներն ու հայտարարությունները խզել էին անգամ Ֆրանսիա–Ադրբեջան հարաբերությունները և փոխադարձ մեղադրանքների առիթ դարձել։
Հայաստանի և Ֆրանսիայի ռազմավարական գործընկերությունն այս փուլում զարգանում է առանցքային բոլոր ուղղություններով՝ քաղաքական երկխոսությունից ու պաշտպանության ոլորտից մինչև տնտեսություն, ներդրումներ, ենթակառուցվածքներ, էներգետիկա, կրթություն, գիտություն ու մշակույթ։ Զուգահեռաբար գործակցությունն ընդլայնվում է այնպիսի հեռանկարային ոլորտներում, ինչպիսիք են նորարարությունները, արհեստական բանականությունը, կենսաբազմազանության պահպանությունն ու կլիմայական օրակարգը։
Հետագա ծրագրերի մասին խոսելիս պետությունների ղեկավարներն օգտագործում են «հավակնոտ» ձևակերպումը։ Հայաստանն ընդգծում է Ֆրանսիայի առանցքային դերակատարությունն ու հետևողական աջակցությունը Եվրոպական միության հետ գործընկերության խորացման, երկկողմ օրակարգի ընդլայնման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների և ինստիտուցիոնալ զարգացման գործում։
2027–ին, ի դեպ, Հայաստանը դառնալու է ֆրանկոֆոն միջոցառումների կենտրոն։ Հաջորդ տարի՝ հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը, Երևանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի 10-րդ հոբելյանական միջազգային մարզամշակութային խաղերը։ Նույն տարում Հայաստանում անցկացվելու է նաև ֆրանսախոս երկրների մշակույթի նախարարների 6-րդ համաժողովը։




