ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Հորմուզը մնում է հիմնական կռվախնձորը․ Թրամփը բացահայտում է Վաշինգտոնի իրական նպատակը

Միացյալ Նահանգները նպատակ ունի վերականգնելու Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը։ Վաշինգտոնը փորձում է Հորմուզի նեղուցով անցնող բոլոր բեռների տարանցման համար 20 տոկոս վճար ստանալ: Այս մասին հայտարարել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ էության խոստովանելով, որ նպատակ ունի վերահսկելու Հորմուզի նեղուցը։ Իրանի արտգործնախարարն ի պատասխան ասել է, որ Իրանն է միշտ եղել Հորմուզի նեղուցի պահապանը։ Թեժ հայտարարություններին նախորդել են բավական հուժկու հարվածներ։ Վաշինգտոնը հրթիռակոծել է Իրանի տարածքը, իսկ Թեհրանը՝ տարածաշրջանի ամերիկյան ռազմաբազաները։

Իրանն ու Միացյալ նահանգները դարձյալ փոխադարձ հուժկու հարվածներ են հասցրել միմյանց։ AP–ն հաղորդում է, որ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի մի շարք բնակավայրերի։ Սա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Վաշինգտոնը վերականգնում է Իրանի շրջափակումը Հորմուզի նեղուցում» հայտարարությունից մի քանի ժամ հետո։ Թրամփը մասնավորապես ասել էր, որ ԱՄՆ–ն վերականգնում է Իրանի ծովային շրջափակումը և վճար կպահանջի Հորմուզի նեղուցով անցնող նավերից՝ նրանց անվտանգությունը ապահովելու համար․

«Կարծում եմ՝ ամեն ինչ շատ արագ է ընթանում։ Մենք ոչնչացրել ենք նրանց բանակը։ Մենք շատ ուժեղ հարվածներ ենք հասցնում նրանց։ Այսօր՝ երեկոյան, մենք հարձակվում ենք նրանց վրա, վերացնում ենք նրանց ողջ կարողությունը՝ կապված Հորմուզի նեղուցի հետ։ Եվ կարծում եմ, որ վերջում մենք պարզապես կվերահսկենք ամբողջը։

Եվ նրանք շատ հիմար են, շատ հիմար։ Մենք հարվածում ենք նրանց, մենք ունենք հսկայական քանակությամբ զինամթերք: Եվ մենք վերահսկում ենք նեղուցները, մենք վերականգնում ենք շրջափակումը»։

Ըստ միջազգային մամուլի՝ այս հայտարարությունը խաթարում է ողջ աշխարհում նավարկության ազատությանը աջակցող ամերիկյան հարյուրամյա քաղաքականությունը։

Ի պատասխան՝ Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնող Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների երկու տանկերների։ Սպանվել է մեկ նավաստի, վիրավորվել են ութը։

Էմիրությունները սպառնում է հակահարված տալ Իրանին։ Այդպիսով հնարավոր է՝ Աբու Դաբին կրկին ներքաշվի Թեհրանի դեմ մարտերի մեջ։

Իրանից աջակցություն ստացող Եմենի հուսիները հայտարարում են, որ հրթիռներ և անօդաչու սարքեր են արձակել Սաուդյան Արաբիայի Աբհա միջազգային օդանավակայանի ուղղությամբ՝ ի պատասխան Սանայի միջազգային օդանավակայանին ուղղված ավիահարվածների, որոնց համար նրանք մեղադրում էին Ռիադին։

Հուսիների ռազմական խոսնակ Յահյա Սարին Telegram-ում տեսաուղերձով զգուշացրել է ավիաընկերություններին, որ չթռչեն Սաուդյան Արաբիայի օդային տարածքով․

«Սանայի միջազգային օդանավակայանի վրա հարձակվելու իր անխոհեմ որոշմամբ Սաուդյան Արաբիայի թշնամին կրում է այս դաժան ագրեսիայի ողջ պատասխանատվությունը և ծանր հետևանքները, որը ծառայում է ամերիկասիոնիստական թշնամուն։ Այս համատեքստում Եմենի զինված ուժերը զգուշացնում են բոլոր ավիաընկերություններին չթռչել Սաուդյան Արաբիայի Թագավորության օդային տարածքով և ընդգծում են, որ այս նախազգուշացումները պետք է լրջորեն ընդունվեն մինչև Սանայի միջազգային օդանավակայանի շրջափակման վերացումը»։

Այս վերջին թեժացումներից հետո Brent տեսակի հում նավթի գինը երեքշաբթի՝ առավոտյան,  հասել է 84 դոլարի։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հարվածել է իրանական Աբու Մուսայի, Բանդար Աբբասի, Բուշեհրի, Չահբահարի, Ջասկի ափամերձ պաշտպանական համակարգերին, հրթիռային և անօդաչու սարքերի կայաններին։

ԱՄՆ նախագահ Թրամփը, այնուամենայնիվ, կարծիք է հայտնել, որ Իրանի հետ հնարավոր է համաձայնագիր կնքել։  Լրագրողի դիտարկմանը, որ ԱՄՆ–ն ամիսներ շարունակ ռմբակոծում է Իրանը, Թրամփը այսպես է արձագանքել․

«Որովհետև նրանք քարե սառնասրտություն ունեն, խելագարներ: Նրանք խելագար են։ Այո՛, ես ուզում եմ փոխհատուցում ստանալ, քանի որ մենք պաշտպանում ենք աշխարհի շատ հարուստ հատվածը»։

Ի պատասխան Թրամփի հայտարարության՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանն է միշտ եղել Հորմուզի նեղուցի պահապանը։ Եվ նա համամիտ է ԱՄՆ նախագահի հետ, որ ով ապահովի առևտրային նավերի անցումը նեղուցով, պետք է փոխհատուցում ստանա դրա համար՝ այդպիսով հասկացնելով, որ Իրանը կարող է գումար գանձել Հորմուզով անցնող նավերից․

«20 տոկոսը, իհարկե, չափազանց շատ է։ Մենք արդար կլինենք»,— X-ում գրել է Իրանի ԱԳ նախարարը՝ ակնարկելով Թրամփի պահանջած փոխհատուցման չափը։

Այս լարված իրավիճակում Թեհրանը հաղորդում է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին ձերբակալելու մասին։ Նշվում է, որ նա կապ է ունեցել Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության՝ «Մոսադ»–ի հետ, և որ Իսրայելը տևական ժամանակ փորձել է նախկին նախագահին կրկին իշխանության բերել։

Կարդացեք նաև

Back to top button