
Արմավիր քաղաքում ավելանում է վերանորոգված մանկապարտեզների թիվը: Ընթացքի մեջ է երկու մանկապարտեզների հիմնանորոգումը, ևս մեկը կառուցվում է: Թիվ 11 մանկապարտեզը հիմնանորոգվում է 2023թ սուբվենցիոն ծրագրով, որի արժեքը շուրջ 762 մլն դրամ է: Գումարի 70 տոկոսը վճարում է համայնքը: Հիմնանորոգումից հետո նախկին 4 խմբի փոխարեն կգործի 7 խումբ՝ 165 երեխաների համար: Կավելանա նաև աշխատողների թիվը՝ 21-ից հասնելով 33-ի:
Թիվ 11 մանկապարտեզն Արմավիրի ծայրամասում է, ուր հաճախում են ոչ միայն այդ թաղամասի, այլև հարևան Նորավան գյուղի երեխաները: Մինչև հիմնանորոգումը մանկապարտեզը ոչ բարվոք պայմաններում էր գործում, երեխաների նվազագույն կարիքները հաճախ հոգում էին ծնողները՝ ասում է տնօրեն Շուշանիկ Հակոբյանը:

«Սպասքը սովորաբար ձեռք էր բերվում սաների ընտանիքներից, որովհետև մենք դրա համար չունեինք համապատասխան միջոցներ: Մնացած ամեն ինչը ձեռք ենք բերել մեր հնարավորության սահմաններում՝ տնտեսական ու գրենական պիտույքների համար տրվող միջոցներով: Բնականաբար, չէր բավարարում, մենք շատ դեպքերում օգտագործել ենք մեր կոլեկտիվի արհմիության գումարները»:

Նախկին կաթսայատունը անգործության էր մատնված, մանկապարտեզը ջեռուցվում էր փայտե վառարաններով: Այդ կերպ ապահովվում էր երեխաների՝ նախադպրոցական կրթություն ստանալու իրավունքը:

Երկհարկանի երկու մասնաշենքով մանկապարտեզում գործում էր 4 խումբ՝ նախատեսված 90 երեխայի համար, սակայն վատ պայմանների պատճառով երեխաների թիվն աստիճանաբար նվազում էր: 2024թ․ նոյեմբերից մանկապարտեզի 21 աշխատակիցները հարկադիր պարապուրդում են:

Տարբեր պատճառներով շինարարությունը ձգձգվել է, բայց աշխատանքի հիմնական մասն արդեն արված է՝ ծածկն ամրացվել է, միջնորմներ են կառուցվել, արտաքին պատերը գունավոր երեսպատվել են: Շենքը շատ հին էր, քանդել էինք ու թողել միայն պատերը՝ ասում է աշխղեկ Արման Գասպարյանը:

«Ավարտական փուլում ենք, մի երկու ամսից կավարտենք աշխատանքները: Ներքին հարդարումն է մնացել ու բակի բարեկարգումը, ասֆալտապատելու ենք: Շվաքարաններ ենք սարքել, անցումները, ավազափոսերը»:

Լուծվել է նաև ջեռուցման հարցը․ երկու նոր կաթսայատուն են կառուցել ու ջեռուցման 6 կաթսա տեղադրել:

Շինարարներն Արմավիրի մարզից են: Տարբեր խմբերով են աշխատում: Դալարիկից Կարեն Սարգսյանը ներքին հարդարմամբ է զբաղված, ներկարար է: Արդեն երեք ամիս այստեղ է աշխատում, բայց՝ ընդմիջումներով:

«Երբ պատերը պատրաստ են եղել, մենք եկել, ծեփամածիկ ենք քսել ու ներկել»:
Աշխղեկ Արման Գասպարյանն ասում է, որ մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը մանկապարտեզը կշահագործվի: Նախկին 4 խմբի փոխարեն կգործի 7 խումբ՝ 165 երեխաների համար:

Կավելանա նաև աշխատողների թիվը՝ 21-ից հասնելով 33-ի: Մանկապարտեզի մեթոդիստ Ռուզաննա Աթոյանն առաջարկում է խմբերում թեթևացնել դաստիարակների ծանրաբեռնվածությունն ու նոր հաստիքներ ավելացնել:
«Կուզեինք, որ խմբում ևս մեկ դաստիարակի օգնական լիներ: Ներկայիս օգնականն ուրիշ աշխատանք է անում՝ մաքրությամբ է զբաղվում, դաստիարակի կողքին չի կարողանում մնալ: Իրոք, դաստիարակին օգնական է պետք: Եթե խմբում 30 երեխա է, լավ կլիներ, օգնական լիներ»:

Այս մանկապարտեզ հաճախում են նաև տարբեր խնդիրներ ունեցող երեխաներ, որոնք հատուկ ուշադրության կարիք ունեն՝ ասում է տնօրենը:
«Այդ երեխաները և՛ ֆիզիկական, և՛ մտավոր, և՛ լոգիստիկ խնդիրներ ունեն: Թույլ երեխաներ կային, ոտքով էին գալիս, բայց մեկը պետք է, որ միայն նրանցով զբաղվեր»:
Մանկապարտեզի աշխատակիցները նույնպես հետևում են շինարարության ընթացքին ու սպասում դրա ավարտին՝ երեխաների հետ ավելի լավ պայմաններում աշխատելու ակնկալիքով։




