
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարական է տվել։ Նրա հրաժարականի մասին նախագահ Զելենսկին հայտարարել էր դեռ երեկ։ Սվիրիդենկոն կառավարության ղեկավար էր նշանակվել մեկ տարի առաջ։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի աղբյուրը BBC-ի ուկրաինական ծառայությանը հայտնել է, որ Զելենսկին «արդեն որոշ ժամանակ մտածում էր» կառավարությունը «վերագործարկելու» մասին։
Պատճառները մի քանիսն էին, ասել է BBC-ի զրուցակիցը։ Հիմնական պատճառը նախարարների աշխատանքի նկատմամբ դժգոհություններն էին։
«ԵՄ-ի հետ շատ հարցեր չեն լուծվում, Լեհաստանի հարաբերությունները վատանում են, Հունգարիայի հետ անհրաժեշտ առաջընթաց չկա։ Հարեւանների հետ որոշ ենթակառուցվածքային նախագծեր լուծվում են բացառապես անհատական մոտեցմամբ, իսկ դա ճիշտ չէ»,- ասել է BBC- ի զրուցակիցը
BBC-ի մի քանի աղբյուրներ հաստատել են լուրերը, որ Սվիրիդենկոն կարող է դառնալ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան։
«Յուլյայի նկատմամբ ոչ մի դիտողություն կամ հարց չի եղել։ Սա պատմություն չէ Յուլյայի մասին, այլ` նախարարների կաբինետի։ Բայց Վաշինգտոնի հետ կապված հարցեր կան։ Այնտեղ գործերը վարելու համար պետք է ուժեղ դեմք», — ասել է աղբյուրներից մեկը։
Նախօրեին լրատվամիջոցները գրել էին, որ վարչապետի պաշտոնի հավանական թեկնածուների թվում է նախկին վարչապետ Դենիս Շմիգալը։
«Եթե Դենիսին կրկին առաջադրեին վարչապետի պաշտոնում, նրա օգտին ձայներ առանց խնդիրների կհավաքվեին։ Բայց, ցավոք, կարծես թե նրան հիմա այդ աթոռը ոչ ոք չի առաջարկի»,- BBC- ին ասել է Ուկրաինայի Գերագույն ռադայի աղբյուրը։
Լրատվամիջոցները կարծում են, որ առավել հավանական թեկնածուն «Նաֆտոգազի» ղեկավար Սերգեյ Կորեցկին է։
«Այն, որ Կորեցկին կդառնա վարչապետ, արդեն 90 տոկոսով որոշված է»,- ասել է «Ժողովրդի ծառա» կուսակցության ներկայացուցիչը։ — Բայց խմբակցության ղեկավարությունը ստիպված կլինի լրջորեն աշխատել, որպեսզի նրա օգտին ձայներ հավաքի, որովհետեւ այս պահին մեր ոչ բոլոր պատգամավորներն են պատրաստ աջակցել նրա թեկնածությանը»։




