
ԱՄՆ-ի Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ավարտվել է Իրանի դեմ նոր հարվածների շարքը։ Հայտարարության համաձայն՝ հարվածներ են հասցվել 90 թիրախի, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերին, հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի պահեստներին, ռազմածովային օբյեկտներին, ինչպես նաեւ Իրանի ափամերձ հատվածում գտնվող լոգիստիկ ենթակառուցվածքին։
Իր հերթին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Քուվեյթում ու Բահրեյնում գտնվող ամերիկյան չորս ռազմաբազաների վրա հարձակումների մասին։
IRNA-ն հայտնել է Իրանի հարավային ափամերձ մի շարք քաղաքներում՝ այդ թվում Բանդեր Աբբաս նավահանգստային քաղաքում պայթյունների մասին։
Հարվածները հասցվել են նաեւ Չաբահար, Քոնարակ եւ Սիրիկ քաղաքներին։ Չաբահարի որոշ շրջաններում էլեկտրամատակարարումը փախանվել է։
Press TV-ն հայտնել է Իրանշահր քաղաքի օդանավակայանի տերմինալի շենքում եւ թռիչքուղու վրա տեղի ունեցած պայթյունների մասին։ IRNA-ի փոխանցմամբ՝ օդանավակայանում զոհվել է հրշեջ, վնասվել են թռիչքների կառավարման շենքն ու օդերեւութաբանական կայանը։
Fars News Agency-ի տվյալներով՝ պայթյուններ են լսվել նաեւ Բուշեհր քաղաքում։ Այդ նավահանգստային քաղաքում գտնվում է ատոմային էլեկտրակայան։
«Սա վրեժ է Իրանի կողմից երեկ նավերի ռմբակոծության համար։ Եթե դա կրկնվի, ամեն ինչ շատ ավելի վատ կլինի»,- Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։




