
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցի մերձակայքում երեք առեւտրային նավերի վրա իրականացված հարձակումների, ինչպես նաեւ չեղարկել է արտոնագիրը, որը Թեհրանին թույլ էր տալիս նավթ վաճառել, հայտնում է BBC-ին։
Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ փխրուն հրադադարը կրկին հայտնվել է վտանգի տակ։ Եվ դա այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահը Թուրքիայում մասնակցում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Axios-ի աղբյուրը հայտնել է, որ Դոնալդ Թրամփը հաստատել է Իրանի դեմ հարվածների ծրագիրը եւ հրամայել է այն իրականացնել։
ԱՄՆ-ը հարվածել է Իրանի հակաօդային պաշտպանության եւ առափնյա հսկողության համակարգերին, զենիթահրթիռային եւ թեւավոր հրթիռներին, անօդաչու թռչող սարքերի արձակման կայանքներին ու նավահանգստային ենթակառուցվածքներին, հաղորդել են Reuters-ը եւ Axios-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի։
Ավելի ուշ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ խոցվել է 80-ից ավելի թիրախ։ Axios-ի աղբյուրի խոսքով՝ նոր հարվածները չորսից հինգ անգամ ավելի լայնածավալ եւ հզոր էին, քան հունիսի վերջին հասցված հարվածները։
CNN-ի զրուցակիցը դրանք անվանել է «պատիժ», որը «շուտ չի ավարտվի»։ Axios-ի եւ CNN-ի աղբյուրները ԱՄՆ-ի նոր հարվածները Իրանի թիրախներին անվանել են «միջազգային ահաբեկչության այն գործողությունների անմիջական հետեւանք, որոնք Իրանը իրականացրել է Հորմուզի նեղուցով անցնող խաղաղ նավերի դեմ»։
Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը X սոցիալական ցանցում գրել է, որ նավթային պատժամիջոցների վերականգնումը, Իրանի հարավի վրա հարձակումներն ու նոր հարվածների մշտական սպառնալիքները չեն ազդի Թեհրանի դիրքորոշման վրա։ «Վախեցնելու եւ շանտաժի դարաշրջանն ավարտվել է։ Դա ոչնչի չի հանգեցնի։ Մենք չենք հանձնվի»,- գրել է Իրանի խորհրդարանի նախագահը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտարարել է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին զանգվածային հարվածներ հասցնելու մասին, հայտնում է Tasnim-ը։
Գործողությունը պատասխան էր ԱՄՆ-ի՝ իրականացրած գիշերային հարձակմանը, որի թիրախում էին Իրանի Հորմոզգան նահանգի ափամերձ հենակետերը եւ քաղաքացիական օբյեկտները, ասված է է կորպուսի հայտարարության մեջ։
Ըստ դրա` իրանական ուժերի հարվածի տակ են հայտնվել տարածաշրջանում ԱՄՆ-ի առանցքային ռազմական բազաների 85 օբյեկտներ։
ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ պատերազմը դադարեցվել էր հունիսին ձեռք բերված ժամանակավոր խաղաղության համաձայնագրի շրջանակում, որը պետք է 60-օրյա ժամանակահատված տրամադրեր մշտական համաձայնագրի շուրջ բանակցությունների համար։ Կատարում անցկացված անուղղակի բանակցություններն ավարտվել են անցած շաբաթ՝ առանց խաղաղ կարգավորման, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի հարցում, զգալի առաջընթացի նշանների։
Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է վերսկսել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունները, վերջին անգամ այդ մասին խոսել է երկուշաբթի լրագրողների հետ։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ի պատասխան հայտարարել է, որ ժամանակավոր հրադադարի մասին հուշագրի պայմաններին համապատասխան՝ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները «չեն սկսվի, եթե սպառնալիքները պահպանվեն»։ «Հարգեք ձեր ստորագրությունը», — գրել է նա X-ում։
Axios-ի տվյալներով՝ Իրանի դեմ նոր հարվածներից առաջ Թրամփը Անկարայում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հետ, որոնք նրա հետ միասին ժամանել էին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Նրանց միացել են ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը եւ այլ պաշտոնյաներ։
Ավելի վաղ ամերիկացի պաշտոնյան հայտարարել էր, որ բանակցողները շարունակում են բարեխղճորեն աշխատել Իրանի հետ վերջնական համաձայնագրի ուղղությամբ, մինչդեռ Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը Թեհրանին տալիս է ազդեցության հսկայական լծակներ՝ փաստացի թույլ տալով նրան փակուղային իրավիճակ ստեղծել աշխարհի ամենահզոր բանակի հետ հարաբերություններում, գրում է Reuters-ը։
Ժամանակավոր համաձայնագրի համաձայն՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հունիսի 22-ին տրամադրել էր ընդհանուր լիցենզիա, որը մինչեւ օգոստոսի 21-ը թույլ էր տալիս իրանական ծագման հում նավթի, նավթաքիմիական արտադրանքի եւ նավթամթերքի վաճառքը։ Երեքշաբթի այդ լիցենզիան չեղարկելով՝ Վաշինգտոնը Թեհրանին մինչեւ հուլիսի 17-ը ժամանակ է տվել դադարեցնելու բոլոր գործարքները։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է այդ քայլը՝ այն անվանելով պատերազմի դադարեցման շրջանակային համաձայնագրի խախտում, եւ հայտարարել, որ ԱՄՆ-ը պատասխանատվություն է կրելու հետեւանքների համար։ Այսօր` չորեքշաբթի առավոտյան նախարարությունը նաեւ հայտարարել է, որ Իրանը կձեռնարկի բոլոր այն միջոցները, որոնք անհրաժեշտ կհամարի իր շահերն ու ազգային անվտանգությունը պաշտպանելու համար։
«Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Միացյալ Նահանգները՝ կամ ուղղակիորեն, կամ Լիբանանի դեմ իսրայելական ռեժիմի գործողությունների միջոցով, վերջին 20 օրերի ընթացքում բազմիցս թույլ են տվել հուշագրի տարբեր դրույթների ինչպես աննշան, այնպես էլ լուրջ խախտումներ», — ասված է նախարարության հայտարարության մեջ։
Տարածաշրջանի մի շարք երկրներ ազդակներ են փոխանցում ԱՄՆ-ին եւ Իրանին՝ փորձելով կանխել ռազմական գործողությունների հետագա սրացումը եւ պահպանել հրադադարի ռեժիմը, CNN-ին հայտնել է տարածաշրջանային աղբյուրը։




