ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Պայքար ընդդեմ մեդիագիգանտների․ բրիտանական Sky-ITV-ն կմրցակցի YouTube-ի, Netflix-ի, Amazon-ի և Disney-ի հետ

Բրիտանական մեդիա շուկայում խոշոր վերադասավորում է սպասվում․ ամերիկյան Comcast-ի դուստր Sky ընկերությունը գնում է ITV-ն՝ նպատակ ունենալով ստեղծել նոր հզոր մեդիա կառույց։ Գործարքի հեղինակները վստահ են՝ միավորումը թույլ կտա մրցակցել համաշխարհային հոսքային հարթակների՝ YouTube-ի, Netflix-ի, Amazon-ի և Disney-ի հետ։ Միավորվող ընկերություններում նշում են՝ հեռուստատեսության ապագայի համար պայքարը տեղափոխվում է նոր փուլ․ ավանդական հեռարձակողները փորձում են միավորվել՝ դիմակայելու թվային հսկաների գերիշխանությանը։

Ամերիկյան Comcast մեդիա ընկերության Sky դուստրկ կազմակերպությունը համաձայնել է 2 միլիարդ 130 միլիոն դոլարով ձեռք բերել բրիտանական ITV հեռուստաալիքն ու հոսքային ծառայությունը։ Գործարքի արդյունքում կստեղծվի նոր խոշոր մեդիա կառույց, որը պետք է մրցակցի թվային մեդիահարթակների գիգանտների՝ YouTube-ի, Netflix-ի, Amazon-ի և Disney-ի հետ։

Sky-ի գործադիր տնօրեն Դանա Սթրոնգը այդ գործարքը բրիտանական հեռարձակման ոլորտի համար որոշիչ պահ է համարում։

«Սա բացառիկ հնարավորություն է միավորելու, իմ գնահատմամբ, մեդիայի երկու ամենահայտնի բրենդները։ ITV-ն ունի 7 տարվա պատմություն և  ստեղծում է այնպիսի բովանդակություն, որը սիրում են հեռուստադիտողները։ Sky-ն իր հերթին ունի 30 տարվա փորձ՝ նորարարության, բարձրակարգ դրամատիկ նախագծերի և որակյալ սպորտային հեռարձակումների ոլորտում։ Երբ մենք միավորում ենք այս երկու ուժեղ կողմերը, հնարավորություն ենք ստանում ստեղծելու Մեծ Բրիտանիայի ազգային հոսքային առաջատարին»։

Reuters-ի փոխանցմամբ, Մեծ Բրիտանիայի խոշորագույն անվճար հեռարձակող ITV-ի և վճարովի Sky ընկերության միավորումը նախկինում քիչ հավանական էր համարվում։ Սակայն հոսքային ծառայությունների և թվային հարթակների արագ զարգացումը զգալի ճնշում է գործադրել ավանդական մեդիա ընկերությունների վրա՝ ստիպելով նրանց միավորվելու և վերափոխելու իրենց ռազմավարությունը։

Կարգավորող մարմիններն ու օրենսդիրները այժմ պետք է որոշեն՝ արդյո՞ք ընդունելի է ընկերությունների այն հիմնավորումը, որ մեդիաոլորտում տեղի ունեցող արմատական փոփոխությունները ճկունություն են պահանջում գործարքները գնահատելիս։

Գործարքի կողմերը վստահ են, որ Sky–ITV միավորումը զգալի մասնաբաժին կունենա հեռուստագովազդի շուկայում։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ ITV-ի հանրային հեռարձակման հարթակների և Sky-ի՝ առաջատար առևտրային հեռուստատեսային բիզնեսի միավորումը կարող է ձևավորել Մեծ Բրիտանիայի գծային հեռուստատեսային գովազդի շուկայի շուրջ 70 տոկոսը՝ ներառյալ երրորդ կողմի հեռարձակողների հետ կնքված պայմանագրերը։

Sky-ի գործադիր տնօրեն Դանա Սթրոնգի խոսքով՝ գծային հեռուստատեսությունը կառուցվածքային անկում է ապրում, քանի որ լսարանը անցնում է հոսքային և թվային բովանդակության։ Sky-ի տնօրենը կարծում է, որ գործարքը բացառիկ բրիտանական ծրագրեր կապահովի արագ փոփոխվող աշխարհում, իսկ ITV-ն կմնա զուտ բրիտանական հանրային հեռարձակող։

ITV-ի գործադիր տնօրեն Քերոլին Մաքքոլին վստահ է, որ միավորումը օգուտ կբերի հեռուստադիտողներին և գովազդատուներին։

«Դիտողների նախասիրությունների արագ փոփոխության և ամերիկյան հոսքային հարթակների կողմից թե՛ լսարանի, թե՛ գովազդատուների համար մրցակցության աճի պայմաններում այս գործարքը նպատակ ունի ամրապնդելու բրիտանական բովանդակության արտադրության և զարգացման ներդրումները»։

ITV-ն կշարունակի գործել որպես հանրային հեռարձակող՝ մինչև 2034 թվականը գործող լիցենզիայով, որով որոշակի պարտավորություններ ունի լրատվական և սեփական արտադրության ոլորտներում։ Միևնույն ժամանակ ընկերությունը կպահպանի հեռուստատեսային շուկայում իր առաջատար դիրքը և հասանելիություն կունենա պաշտպանված ծրագրերի, այդ թվում՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության հեռարձակման իրավունքներին։

Ընկերությունները ակնկալում են, որ գործարքը կենթարկվի հակամենաշնորհային երկարատև ուսումնասիրության և հանրային շահի գնահատման։ Հնարավոր մտահոգությունները նվազեցնելու համար Sky-ը կարող է ստիպված լինել հրաժարվելու երրորդ կողմերի գովազդի վաճառքի որոշ պայմանագրերից։

Միավորված Sky–ITV ընկերությունը և հասանելիություն կունենա ավելի քան 20 միլիոն տնային տնտեսությունների և կդառնա բրիտանական մեդիաշուկայի խոշոր խաղացող։

Միավորվող ընկերությունները գտնում են, որ ավանդական հեռուստատեսային լսարանի նվազելու և հոսքային հարթակների, հատկապես YouTube-ի, աճող ազդեցության պայմաններում ուժերի միավորումը անհրաժեշտ է՝ միջազգային մրցակցության պայմաններում դիրքերը պահպանելու համար։

Կարդացեք նաև

Back to top button