
Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Բելգիան 4։1 հաշվով ջախջախեց ԱՄՆ-ի ազգային ընտրանուն։ ԱՄՆ հավաքականից Մալիք Թիլմանը գոլի հեղինակ դարձավ խաղի 31-րդ րոպեին, իսկ բելգիացիներն առաջին անգամ մրցակցի դարպասը գրավեցին 9-րդ րոպեին։ Շառլ դե Կետերալեն եւս մեկ գոլի հեղինակ դարձավ 33-րդ րոպեին։ Բելգիան ամերիկացիների դարպասը գրավեց եւս երկու անգամ։
Այս խաղին նախորդել էր աննախադեպ քաղաքական սկանդալը, երբ ՖԻՖԱ-ն Ֆոլարին Բելագունին թույլ տվեց մասնակցել այս խաղին` կարմիր քարտի որակազրկումը չեղարկելով։
Միջազգային լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ դա եղել է ՖԻՖԱ-ի նախագահին Դոնալդ Թրամփի զանգից հետո։ Ավելին` ի հայտ են եկել նոր մանրամասներ։
Politico-ի եւ The Wall Street Journal-ի աղբյուրները պատմել են, թե ինչպես է նախագահի վարչակազմը Բալոգունի հեռացումից անմիջապես հետո սկսել լոբբինգ անել նրա որակազրկումը չեղարկելու համար։
The Wall Street Journal-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի առեւտրի նախարար Հովարդ Լյութնիկը եւ Սպիտակ տան աշխարհի առաջնության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Էնդրյու Ջուլիանին Բալոգունի հեռացումը համարել են «անարդարություն, որը պահանջում է միջամտություն ամենաբարձր մակարդակով»։ Խաղից մի քանի ժամ անց նրանք հեռախոսազրույց են ունեցել Թրամփի հետ եւ համոզել նախագահին, որ որակազրկումն անարդար է եւ վտանգում է Բելգիայի դեմ խաղում ԱՄՆ-ի հավաքականի հնարավորությունները։ Դրանից հետո Թրամփը հանձնարարել է իր թիմին գտնել այն չեղարկելու միջոց։
Լյութնիկն ու Ջուլիանին իրենց ծրագրերի մասին տեղեկացրել են ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը, որպեսզի այն պատրաստի բողոքարկումը, ինչպես նաեւ որոշել են դիմել Սպիտակ տան իրավաբաններին՝ կանոնակարգում հնարավոր իրավական բացեր գտնելու համար։
ԱՄՆ-ի հավաքականի խոշորագույն հովանավոր Սքոթ Գուդվինի մասնակցությամբ` Ջուլիանին սկսել է կոմպրոմատ հավաքել կարմիր քարտ ցույց տված բրազիլացի մրցավար Ռաֆայել Կլաուսի մասին․ Սպիտակ տանը ուսումնասիրել են նրա մասնակցությամբ նախկին վիճահարույց դրվագները՝ դրանք բողոքարկման ընթացքում որպես փաստարկ օգտագործելու համար։
Հաջորդ օրը՝ հուլիսի 3-ին, արդեն անձամբ Թրամփը զանգահարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին։ Politico-ն գրում է, որ նրանք վաղեմի ընկերներ են, եւ Ինֆանտինոն բազմիցս այցելել է Սպիտակ տուն։ Զրույցի ընթացքում Թրամփը Ինֆանտինոյից հետաքրքրվել է կարմիր քարտերի համար որակազրկման գործող կանոններով, ինչպես նաեւ կոչ է արել վերանայել Բալոգունի վերաբերյալ որոշումը։ Ինֆանտինոն «համաձայնել է ուսումնասիրել հարցը», սակայն, ինչպես ընդգծել է WSJ-ի աղբյուրներից մեկը, որեւէ խոստում չի տվել։
Politico-ի փոխանցմամբ՝ այդ զրույցից հետո ամերիկյան բողոքարկմանը ընթացք է տրվել ՖԻՖԱ-ի իրավական եւ կարգապահական ընթացակարգերով։ Հուլիսի 5-ին ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն չեղարկել է Բալոգունի որակազրկումը։ Դրա պաշտոնական հիմք է դարձել կարգապահական օրենսգրքի 27-րդ հոդվածը, որի համաձայն կոմիտեն, «եթե դա թույլատրելի համարի», կարող է որակազրկումը փոխարինել պայմանական պատժով։ Բալոգունին նշանակվել է մեկ տարվա փորձաշրջան։
Կարգապահական կոմիտեն իր որոշման որեւէ հիմնավորում չի ներկայացրել (կանոնակարգով պարտավոր չէր դա անել)։ Դրանից հետո ՖԻՖԱ-ում պաշտոնապես միայն հիշեցրել են, որ Ինֆանտինոն եւ կազմակերպության ղեկավարությունը պաշտոնական ազդեցություն չեն կարող ունենալ կարգապահական կոմիտեի վրա։ 18 անդամից կազմված մարմինը, ըստ կազմակերպության կանոնադրության, գործում է նախագահից եւ գործադիր կոմիտեից անկախ։
Politico-ի աղբյուրների փոխանցմամբ՝ որակազրկման չեղարկումից հետո Թրամփը կրկին զանգահարել է Ինֆանտինոյին։
ՖԻՖԱ-ի որոշումն արդեն բացահայտ քննադատել է ՈՒԵՖԱ-ն։ Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ պաշտոնապես ՖԻՖԱ-ից պահանջել է տրամադրել որոշման պատճենը, նիստի արձանագրությունները եւ ընթացակարգի իրավական հիմնավորումը, ինչպես նաեւ պատրաստվում է վիճարկել Բալոգունի՝ հանդիպմանը մասնակցելու իրավունքը։
«Մենք մտադիր ենք առաջիկա ժամերին, օրերին եւ ամիսներին շարունակել պայքարը՝ պաշտպանելու էթիկայի հիմնարար սկզբունքները, արդար մրցակցությունը եւ ընդհանրապես ֆուտբոլի շահերը»,- հայտարարել է Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան։
Չափազանց դրամատիկ ու լարված այս ոչ մարզական պայքարից հետո ու ԱՄՆ- Բելգիա հանդիպումից առաջ, ոչ պակաս լարված ու դրամատիկ, բայց արդեն մարզական պայքարում անցավ Պորտուգալիա- Իսպանիա հանդիպումը։
Իսպանիայի հավաքականը 1։0 նվազագույն հաշվով առավելության հասավ պորտուգալացիների նկատմամբ։
Պորտուգալիայի ազգային հավաքականի լեգենդար ավագը` Կրիշտիանու Ռոնալդուն, որը հայտարարել էր, որ սա իր վերջին աշխարհի առաջնությունն է, այդպես էլ չկարողացավ իրականացնել իր ամենամեծ երազանքը` դառնալ աշխարհի չեմպիոն։ Դրա համար արժեր արտասվել։ Բայց մինչ այդ նա մոտեցավ տրիբունաներին եւ շնորհակալություն հայտնեց իր երկրպագուներին։




