ԿարևորՔաղաքական

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել և կոչ արել եվրոպացիներին աջակցել հայ ֆերմերներին

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Հայաստան կատարած այցին և հայկական ծիրանին՝ այն անվանելով երկրում ընթացող ժողովրդավարական փոփոխությունների խորհրդանիշ։

Անցյալ շաբաթ Հայաստան կատարած այցից հետո Մարթա Կոսը Բրյուսել է վերադարձել ծիրանով լի հսկայական զամբյուղով, որի մի մասը նվիրել է ընկերներին, իսկ մնացածից մուրաբա պատրաստել։

Կոսի ընկերներից մեկը, տեսնելով պատրաստի արտադրանքը, այն անվանել է «ազատության տարաներ»։ ԵՄ հանձնակատարի բնորոշմամբ՝ դա չափազանց դիպուկ ձևակերպում է։

Բարձրաստիճան պաշտոնյան հիշեցրել է Հայաստանի ընտրությունների մասին՝ նշելով, որ քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել է ԵՄ-ի հետ սերտ գործընկերության օգտին։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը փորձել է ազդել այդ ընտրության վրա՝ սահմանափակելով հայկական մրգերի ու ծաղիկների ներմուծումը, ինչին ի պատասխան Եվրամիությունն օգնության ձեռք է մեկնել՝ բացելով իր շուկան հայկական արտադրանքի համար։

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը կոչ է արել եվրոպացի սպառողներին սուպերմարկետներում ընտրել հայկական արտադրանքը.

«Երբ գնաք սուպերմարկետ, ուշադրություն դարձրեք հայկական ծիրանին, սալորին կամ բալին։ Սա փոքր, բայց կարևոր քայլ անելու հնարավորություն է, որը կարող է օգնել հայ ֆերմերներին և աջակցել նրանց երկրի ժողովրդավարական ընտրությանը»։

Կարդացեք նաև

Back to top button