ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Բացառիկ. DW-ի գլխավոր տնօրենը՝ նոր մարտահրավերների և որակյալ լրագրությունն ալգորիթմներում տեսանելի դարձնելու մասին

Ինչպե՞ս է աշխարհի ամենաազդեցիկ միջազգային հանրային հեռարձակողներից մեկը դիմագրավում արհեստական բանականության, ապատեղեկատվության և Big Tech-ի մարտահրավերներին։ Ինչպե՞ս է պահպանում լրագրողական անկախությունն ու հանրության վստահությունը։ Deutsche Welle-ի գլխավոր տնօրենը «Ռադիոլուրի» հետ բացառիկ հարցազրույցում խոսում է նաև Հայաստանի նկատմամբ աճող հետաքրքրության, հանրային մեդիայի ապագայի և ժողովրդավարության առջև ծառացած նոր սպառնալիքների մասին։

Ամենամեծ ռիսկը ոչ թե AI-ն է, այլ վստահության կորուստը․ «մարտահրավերները շատ են, կուրսը պահելը՝ բարդ»

Տիկին Մեսինգ, շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար։ Այս ժամանակներում, երբ մամուլի առջև ծառացած մարտահրավերներին բազմաթիվ նորերն են ավելանում, ինչպե՞ս եք աշխատում: Ինչպե՞ս եք հաջողում պայքարը սոցիալական մեդիայի դերի կտրուկ ավելացման, արհեստական ​​բանականության և ազդեցիկ անձանց՝ ինֆլուենսերների հետ մրցակցության մեջ: Ինչպե՞ս եք պահպանում ձեր դերը լրատվադաշտում։

-Մարտահրավերնե՞րը։ Այո, դրանք իսկապես շատ են։ Բայց մեզ համար ամենակարևորը մնում է մեր լրագրողական չափանիշները պահպանելը։  Մենք հեռուստատեսություն ենք, ռադիո, փոդքասթեր ենք արտադրում, նաև՝ կարճ տեսանյութեր և գրավոր բովանդակություն: Շատերը կարծում են՝ եթե բովանդակությունը հրապարակվում է TikTok-ում կամ Instagram-ում, այն պետք է անպայման զվարճալի լինի։ Լրագրողական չափանիշները պահպանելը և մեր կուրսը պահելը հաճախ այնքան էլ հեշտ չէ։  Բայց դա մեզ համար շատ կարևոր է, քանի որ  արժանահավատությունն ու վստահությունը հանրային հեռարձակողի կամ, առհասարակ, լրատվամիջոցի ամենաարժեքավոր ակտիվներն են: Reuters-ի 2026-ի ուսումնասիրությունը ևս մեկ անգամ ընդգծում է սա: Վստահությունը կայացած լրատվամիջոցի բրենդն է և դեռ գոյություն ունի, դա մեր ամենամեծ շանսն է: Մենք պետք է անչափ զգույշ լինենք՝ պահպանելու արժանահավատությունը։  

ԱԲ-ն դիվայնացնել պետք չէ․ «մենք ունենք մեր տարբերակը՝ լրագրողին դարձնել ինֆյլուենսեր»

-Ինչպե՞ս է դա հաջողվում։ Հաջողվո՞ւմ է։

-Դժվար է, բայց ստացվում է… Դե, մենք նաև ինտեգրում ենք արհեստական ​​բանականությունը, որը դիվայնացնելը, չեմ կարծում, թե օգնում է։ Մի կողմից, արհեստական ​​բանականությամբ կեղծ տեղեկատվություն է ստեղծվում, ընդ որում՝ միտումնավոր, և դա խաբուսիկորեն այնքան իրական է թվում, որ անչափ դժվար է հերքելը, եւ դա կարող է վախեցնող լինել։ Բայց չեմ կարծում՝ վախենալը կամ խուսափելը կօգնեն։ Ընդհակառակը, կարևոր է արհեստական ​​բանականությունն ինտեգրել մեր  աշխատանքում։ Այն գործիքները, որոնք հեշտացնում են գործը,  դյուրացնում տեղեկությունների որոնումը, թարգմանությունը։ Մյուս կողմից նախապայման է  ունենալ փորձառու և վերամասնագիտացված լրագրողներ, որոնք կարող են ստուգել տեղեկության ճշգրտությունը և համադրել դրանքլավագույնս։  Կարծում եմ՝ սա լավ կողմն է։

Եւ այստեղ ուզում եմ անդրադառնալ բովանդակության ստեղծողներին՝ Content Creator-ներին։ Առանձին անհատները՝ ինֆլյուենեսերները, մեծ հեղինակություն ունեն։ Այդպես միշտ է եղել, բայց հիմա ավելի ցայտուն է  սոցցանցերում: Սա էլ եմ համարում հիանալի հնարավորություն: Մենք  ունենք բազմաթիվ հիանալի մարդիկ, ճանաչված և պրոֆիլով առանձնացող լրագրողներ,  վստահ եմ՝ դուք նույնպես: Տարբերակը հետևյալն է՝ եթե մենք աջակցենք նրանց ավելի ճանաչելի դառնալ, ապա մարդիկ ավելի շատ կհավատան նրանց: «Մարդիկ վստահում են մարդկանց» ։ Այդպես միշտ է լինելու: Եւ այդ պատճառով էլ  կարևոր է, որ մենք նախ աջակցենք, խթանենք և նաև պաշտպանենք մեր մարդկանց:

Ֆինանսը, ավտորիտար ռեժիմները, Big Tech-ը՝ գլխավոր մարտահրավերներ․«հստակ է, որ գոյություն ունի օրակարգ ընդդեմ ժողովրդավարությունների»

-Դուք ասացիք՝ կարողանում եք պահպանել հեղինակությունը և արժանահավատությունը: Ուզում եմ հարցնել ամենամեծ ռիսկերի մասին:  Մենք ունենք մերը, դուք՝ ձերը: Որո՞նք են ամենամեծ մարտահրավերները։

-Ամենամեծ ռիսկերը… Նախ, շատ պարզ՝ փողը: Ինչպես ապահովել, որ լրագրությունը մնա ֆինանսապես կայուն և վճարվող երկարաժամկետ հեռանկարում: Ես դա համարում եմ ամենամեծ ռիսկը: Հիմնական ռիսկերից են ավտորիտար ռեժիմների, ավտորիտար գործիչների ծանր ազդեցությունը։ Խոշոր տեխնոլոգիական ընկերությունների՝ Big Tech-ի ազդեցությունը։ Նրանք ունեն սեփական օրակարգը և փորձում են ազդել մեդիա-օրակարգի վրա։

Երբ Իլոն Մասկը և այլք բացահայտ կերպով աջակցում են, որ Վիկտոր Օրբանը մնա իշխանության, լիովին հստակ է, որ գոյություն ունի օրակարգ ընդդեմ ժողովրդավարությունների, ընդդեմ լիբերալ ժողովրդավարությունների։ Եւ այստեղ է, որ մենք պետք է ապահովենք բավարար քաղաքական աջակցություն, որ անկախ լրագրությունը միանշանակ պաշտպանված լինի։

«Որակյալ լրագրությունը պետք է տեսանելի լինի նաև ալգորիթմների համար»

-Մյուս կողմից պետք է մտածել հարթակների կարգավորման մասին, որ վերև չմղվի միայն էմոցիոնալ բովանդակությունը՝ նախատեսված է քլիքբեյթինգի (clickbaiting) համար, որ առավել տեսանելի դառնա որակյալ լրագրությունը, որպեսզի անկախ լրագրությունն արտոնյալ լինի և հատուկ գործիքներով տեսանելի դառնա ալգորիթմներում ու արհեստական բանականության (ԱԲ) մեջ, որոնց միջոցով ևս մարդիկ  սպառում են իրենց լրատվական կարիքները։ Այնպես որ շատ տարբեր մակարդակներում պետք է աշխատենք։ Բայց եւ միանշանակ կարծում եմ, որ  կան  շատ նոր հնարավորություններ

Պետությունը ֆինանսավորում է, բայց չի խմբագրում․ ինչպե՞ս է DW-ն պահպանում անկախությունը

«Դոյչե Վելեն» (Deutsche Welle), ինչպես և Հայաստանի հանրային ռադիոն, ֆինանսավորվում է կառավարության կողմից։ Ինչպե՞ս է ձեզ հաջողվում, այսպես ասած, չլինել կառավարության բարձրախոսը։ Կամ արդյոք հաջողվո՞ւմ է։

-Ուրախ եմ արձանագրել, որ Գերմանիայում հանրային հեռարձակումը կազմակերպված է անկախ հիմունքներով։ Դա նշանակում է, որ թեև «Դոյչե Վելեն» վճարվում է հարկատուների գումարներից, սակայն մեզ վերահսկող մարմինները՝ որոշում կայացնող խորհուրդները, անկախ մարմիններ են։ Ֆինանսներին հետևում է Կառավարման խորհուրդը, իսկ բովանդակային ընդհանուր ծրագրին՝ Հեռարձակման խորհուրդը։ Սրանք են մեզ վերահսկող մարմինները, ոչ թե կառավարությունը։ Եվ այս մարմիններում կառավարությունն ու խորհրդարանը փոքրամասնություն են։ Քաղհասարակության խմբերն են մեծամասնությունը, և այդ պատճառով Դոյչե Վելեն» ու Գերմանիայի լրատվամիջոցներն անկախ վերահսկողության տակ են։ Կարծում եմ՝ այս կառուցվածքը չափազանց կարևոր է և օգտակար, քանի որ երաշխավորում է անկախությունը։ Այս մարմիններն են, որ օրվա վերջում ասում են՝ «այո, սա համապատասխանում էր լրագրողական չափանիշներին, կամ՝ հակառակը»։ Նրանք նաև չեն միջամտում առանձին հաղորդումներին, դա մեր գործն է։ Եվ սա այն դասն է, որը, անկեղծ ասած, մենք քաղել ենքԵրկրորդ համաշխարհային պատերազմից և նացիոնալ-սոցիալիստական տիրապետությունից, այն է՝ մեդիան չպետք է դառնա իշխանության գործիք կառավարությունների համար, որովհետև այդ դեպքում ժողովրդավարությանը պարզապես վերջ կտրվի։

Ի՞նչ կարող են լրագրողները սովորել ինֆլյուենսերներից՝ առանց լրագրությունը կորցնելու

-Եթե խոսենք ֆինանսների մասին. ինֆլյուենսերները (influencers) կարող են մեկ փոքրիկ ռիլով (Reel) ավելի շատ վաստակել, քան մենք՝  լրագրողներս։ Ինչպե՞ս եք նայում այս իրավիճակին՝ որպես մարտահրավերի։ Եւ հետո՝ նրանք կարծես զգալիորեն  քիչ են անում, բայց երբեմն ավելի շատ են կարդացվում և դիտվում, տարածում գտնում։  

Մենք պարզապես կարող ենք շատ ինքնավստահորեն որոշ բաներ նաև սովորել նրանցից, սոցիալական մեդիայի հրապարակումներն այնպես անել, որ գրավեն մարդկանց, և այդ ժամանակ մենք մեծապես կշահենք։ Մենք ունենք շատ, շատ լավ ձևաչափեր, օրինակ՝ արաբերենում,  հինդի և բենգալերեն լեզուներով, որոնք ունեն հսկայական լսարան և մեծաթիվ քլիքներ, որովհետև մենք նայում ենք, թե ինչպես կարող ենք այդ մեխանիզմներն օգտագործել նաև որակյալ լրագրության համար։ Եւ, այո, ես կարծում եմ, որ մենք կարող ենք սովորել լավագույններից։

Ինչպե՞ս է DW-ն պայքարում ապատեղեկատվության դեմ

-Իսկ ապատեղեկատվության այս դարաշրջանում ձեզ համար հե՞շտ է, թե՞ դժվար ապատեղեկատվություն չտարածելը։

-Մենք ունենք փաստերի ստուգման (Fact-checking) մեծ բաժիններ, մենք վերապատրաստել ենք բազմաթիվ գործընկերների տարբեր բաժիններում, այնպես որ նրանք միշտ կարող են միասին նայել, ստուգել։ Մենք ստեղծել ենք թվային, ԱԲ-ի վրա հիմնված գործիքներ, որոնց օգնությամբ կարողանում ենք ստուգել փաստերը։ Եվ դա անում ենք շատ կանոնավոր կերպով։

Ինչո՞ւ է Հայաստանը ավելի հաճախ հայտնվում Deutsche Welle-ի ուշադրության կենտրոնում

-Հայաստանի մասին հիմա ավելի հաճախ եք գրում, լուսաբանում։

Ընդհանուր առմամբ Ռուսաստանի սահմանակից պետությունները մեզ համար  շատ հետաքրքիր են, որովհետև դա, բնականաբար, հարց է՝ ինչպե՞ս են զարգանում նաև շրջակա պետությունները։ Ի՞նչ սպառնալիքներ կան այնտեղից՝ Ռուսաստանից։ Մենք նաև նոր նախագծեր ենք գործարկում՝ ուղղված տարածաշրջանային հարցերին։

Կարդացեք նաև

Back to top button