ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«Կհանդիպենք ԱԺ-ում»․ խորհրդարան անցած երեք ուժերի առաջին հանդիպումը օգոստոսի 3-ին է

Օգոստոսի 3-ին խորհրդրարանի պատգամավորական բոլոր 105 աթոռները զբաղված կլինեն։ Համապետական ընտրություններից գրեթե 1 ամիս անց՝ Սահմանադրական դատարանի որոշումից ու մանդատներից հրաժարվել-չհրաժարվելու մասին երկար բանավեճերից հետո, խորհրդարան անցած ընդդիմադիր երկու ուժերը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, հայտարարեցին՝ Ազգային ժողով կգնան։ Առաջինը կունենա 29 պատգամավոր, երկրորդը՝ 12։

«Ուժեղ Հայաստան»-ի առաջին համար Նարեկ Կարապետյան․ «Մենք եկանք մի հայտարարի, որ ճիշտը մեր ուժի կողմից մանդատների վերցնելն է և ներկայացվածությունն է Ազգային ժողովում, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին»։

Կարապետյանի խոսքով՝ խորհրդարանում ընդդիմության ներկայությունն անհրաժեշտ է՝ օրենսդրական կարևոր նախաձեռնությունների ժամանակ իշխանությանը հակակշռելու, քաղաքական օրակարգում ընդդիմության դիրքորոշումը ամրապնդելու և հարկ եղած դեպքում փողոցային պայքար գեներացնելու համար։ Կարապետյանին, իր ձևակերպմամբ, վիրավորել է շրջանառվող այն մոտեցումը, թե այս ուժը պայքարում էր պատգամավորական մանդատներ ունենալու համար․

 «Բացի պայքարից, բացի պրոբլեմներից, բարդ, ամենաբարդ, ամենամեծ ճնշումով պրոբլեմներից՝ ի՞նչ է տալիս մանդատը, հետաքրքիր է, ասեք, մենք էլ իմանանք։ Վիրավորական է, շատ վիրավորական է այս մոտեցումը։ Այսինքն` մենք մի տարի բոլոր պրոցեսների մեջով անցնենք, էս ամբողջ խնդիրների մեջով անցնենք ձեր մոտ այն վստահությունը չլինի՞, որ մտածված ենք սա անում։ Մանդատի նշանակությունը միայն  պրոբլեմն է։ Մարդիկ թողում են իրենց գործը, գործարարությունը, բիզնեսը, շատ մարդիկ իրենց մասնագիտությունը գալիս են, որ գնան նստեն»։

ԱԺ 9-րդ գումարման խորհրդարանի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը, որ ընդդիմությանը խորհուրդ էր տվել չվերցնել մանդատներն ու տուն գնալ, կոշտ բառապաշարով է արձագանքել Նարեկ Կարապետյանին․

«Դա նրանց չի փրկելու։ Բոլոր ընտրակեղծարարները, ընտրակաշառատուները, հանցագործները, կոռուպցիոներները և պարզապես տարբեր կալիբրի գործակալները պատժվելու են, կրելու են իրենց պատիժը մինչև վերջին մարդը։ Իսկ բոլոր նրանք, ովքեր այս տարիների կամ ամիսների ընթացքում իրենց լեզվին ազատություն են տվել և հատել են մարդկային պարկեշտության բոլոր սահմանները, նրանց մենք առանձնահատուկ ոգևորությամբ ենք սպասում Ազգային ժողովում և քաղաքականապես ոչնչացնելու ենք կրկին մինչև վերջին մարտը»։

Խորհրդարան անցած երկրորդ ընդդիմադիր ուժը՝ «Հայաստան» դաշինքը, սոցցանցերում հայտարարությամբ է տեղեկացրել, որ կվերցնի պատգամավորական 12 մանդատները։ «Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ՝ ասված է հաղորդագրության մեջ։ Մեջբերում․

«Մեզ համար պատգամավորական կարգավիճակը պաշտոն կամ հարմարավետություն չէ։ Այն լրացուցիչ գործիք է, իրավական ու քաղաքական գործիքակազմ և ամենօրյա հակազդեցության հնարավորություն։ Ուստի կարծում ենք՝ առաջիկա ծանր պայքարում պարտավոր ենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ իշխանության հակապետական ծրագրերի դեմ պայքարելու համար»։

Մանդատը զենք է, դրանից կամավոր հրաժարումը՝ անպատասխանատվություն պետության և ընտրողների հանդեպ՝ հայտարարել է քաղաքական ուժն ու չորս հիմնական անելիք ընդգծել առաջիկա ամիսների համար․ իշխանափոխություն, հայ ռազմագերիների և քաղբանտարկյալների  իրավունքների պաշտպանություն, Հայաստանյաց առաքելական աուրբ եկեղեցու պաշտպանություն և Սահմանադրության փոփոխությունների կանխում։ Վերջինի մասով, ի դեպ, ուշագրավ իրավիճակ կարող է ստեղծվել․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը խորհրդարանական մեծամասնություն ունի, բայց սահմանադրական մեծամասնություն՝ ոչ։ Այսինքն՝ չի կարող միաձնյա ընդունել Սահմանադրությունը փոխելու մասին որոշում, ինչպես նաև սահմանադրական այնպիսի օրենքներ, ինչպիսիք են Ընտրական և Դատական օրենսգրքերը, ՍԴ-ի, Կուսակցությունների, Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքները։ Միաժամանակ ձևավորված խորհրդարանական ընդդիմությունը փոքրամասնություն է, և ըստ էության, չունի բավարար գործիքակազմ՝ իրավական առումով հակակշռելու մեծամասնությանը։ Հակառակ այս հանգամանքին՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը պնդել էր․

«Եթե պայքարը մտադրված ենք շարունակելու, ուրեմն պետք է ունենալ մաքսիմալ հնարավոր գործիքակազմ այդ պայքարը շարունակելու համար։ Մանդատները, այո, պայքարի գործիքակազմ են»։

ԱԺ հաջորդ գումարման նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է նաև «Հայաստան» դաշինքին․

««Հայաստան» խմբակցությունը 5 տարի հետո ստացավ 2 անգամ ավելի քիչ քվե այս ամեն ինչի արդյունքում իրենց անհետևողականության և ապոկալիպտիկ քարոզարշավի արդյունքում»։

Նարեկ Կարապետյանը մինչդեռ պնդում է, որ վերջին 8 տարիների ամենաուժեղ ընդդիմությունը ձևավորել է «Ուժեղ Հայաստան» դաշինքը․

«Վերջին ժամանակներում ամենաշատ ընդդիմադիր ձայներ հավաքած ուժը «Ուժեղ Հայաստան»-ն է, և սա ապացուցում է մի բան, որ մեր հայրենակիցները վստահեցին մեզ, սիրելի հայրենակիցներ, իսկ մենք երբեք չենք հիասթափեցնի։ Անգամ եթե երբեմն մեր քայլերի մեջ մեր հայրենակիցները տեսնեն զգուշություն, վստահ եղեք, որ այդ զգուշությունը հուսախաբ չանելու համար է։ Ուզում եմ հատուկ նշել, որ մանդատների վերցնելը չի նշանակում Ազգային ժողովում այս համամասնության լեգիտիմության ճանաչում»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 8-րդ գումարման ԱԺ ամբիոնից վերջին ելույթում ասել էր, թե խորհրդարան անցած երկու ուժերն էլ ապօրինի գործունեությամբ  ձևավորված քաղաքական միավորներ են, և «Քաղաքացիական պայմանագիր»-ը պետք է զրկի նրանց քաղաքական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից։ Վարչապետի այդ դիրքորոշումը վերահաստատում է ԱԺ հաջորդ նախագահի թեկնածու Ռուբինյանն ու հայտարարում․

«Կհանդիպենք Ազգային ժողովում»։

9-րդ գումարման խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր»-ը կունենա 64 պատգամավոր։ Այս ուժն արդեն որոշել է ԱԺ նախագահի, փոխնախագահների, խմբակցության ղեկավարի թեկնածուներին։ Այս պահին «թափուր» է միայն ԱԺ երրորդ փոխնախագահի թեկնածուի պաշտոնը։ Ըստ օրենքի՝ այն պետք է զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչը։

Կարդացեք նաև

Back to top button