
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ եւ գործարար Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեն։
«Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, ավելի ուշ հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»,- փոխանցել են ՔԿ-ից։
1lurer.am-ի տեղեկություններով` խուզարկություններն իրականացվում են փողերի լվացմանն առնչվող քրեական վարույթի շրջանակներում։
Գագիկ Ծառուկյանի տունը խուզարկելու մասին առաջինը հայտնել էր նրա խոսնակ Իվետա Տոնոյանը։ «Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը»,- գրել էր նա «Ֆեյսբուքում»։
«Սպուտնիկ Արմենիան»- էլ իր աղբյուրները վկայակոչելով հայտնել էր, որ խուզարկություններ են անցկացվում նաեւ Օլիմպիական կոմիտեի բազայում։
Գագիկ Ծառուկյանը նաեւ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահն է։




