
Էմանուել Մակրոնը վերջին 17 տարվա ընթացքում կլինի Ֆրանսիայի առաջին նախագահը և 2024 թվականի դեկտեմբերին Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո արևմտաեվրոպական առաջին առաջնորդը, որը կայցելի Սիրիա։ Այցի ճշգրիտ ժամկետները դեռևս հստակեցված չեն, հայտնել է սիրիական պետական «SANA» լրատվական գործակալությունը՝ հղում անելով նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը։
Ակնկալվում է, որ Մակրոնը և 2025 թվականի հունվարի 29-ից Սիրիայի անցումային շրջանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ահմեդ ալ-Շարաան բանակցություններ կվարեն երկկողմ հարաբերությունների ամրապնդման շուրջ, ինչպես նաև կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային խնդիրներ։ Ֆրանսիայի նախագահին Սիրիա կուղեկցի գործարարների, ներդրողների և ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակությունը։
Վերջին անգամ Ֆրանսիայի նախագահներից Սիրիա էր այցելել Նիկոլա Սարկոզին (ղեկավարել է 2007-2012 թթ.)։ Նա Դամասկոս էր ժամանել 2009 թվականի սեպտեմբերին՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի բռնկումից մեկուկես տարի առաջ, որն սկսվեց Ասադի կառավարության կողմից զանգվածային բողոքի ցույցերը ճնշելուց հետո։
Ասադի վարչակարգի անկումից հետո Սիրիա այցելած առաջին պետության ղեկավարը Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանին էր, որը Դամասկոս ժամանեց 2025 թվականի հունվարի վերջին։ 2026 թվականի հունվարի սկզբին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Դամասկոսում հանդիպեց Ալ-Շարաայի հետ, իսկ ապրիլին մերձավորարևելյան այս երկիր այցելեց նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Մակրոնը և Ալ-Շարաան արդեն առնվազն երկու անգամ հանդիպել են։ 2025 թվականի մայիսին Սիրիայի անցումային շրջանի նախագահը Ֆրանսիայի ղեկավարի հրավերով այցելել էր Փարիզ։ Ելիսեյան պալատում կայացած բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել էին երկկողմ հարաբերությունների խորացումն ու համագործակցության ընդլայնումը։ Նույն տարվա սեպտեմբերին երկու երկրների առաջնորդները հանդիպել էին նաև Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում։




