
Մոսկվայում ավարտվել է բալետի արտիստների հեղինակավոր XV միջազգային մրցույթը, որտեղ հերթական մեծ հաջողությունն է գրանցել Հայաստանի ներկայացուցիչը։ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանն արժանացել է 3-րդ մրցանակի և նվաճել բրոնզե մեդալ։
Հայ արտիստն իր բարձր վարպետությունն է ցուցադրել «Տղամարդիկ, սոլո» անվանակարգում՝ արժանանալով միջազգային ժյուրիի բարձր գնահատականին:

Չորս տարին մեկ անցկացվող այս ստուգատեսը համարվում է բալետի աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկը: Սա Ռազմիկ Մարուքյանի առաջին միջազգային հաղթանակը չէ. 2017 թվականին նա մասնակցել է Բրյուսելում կայացած «Արաբեսկ» միջազգային մրցույթին, որտեղ գրավել է 1-ին տեղը և արժանացել «Ամենարտիստիկը» հատուկ մրցանակին, 2024 թվականին Պերմում 18-րդ անգամ անցկացված Եկատերինա Մաքսիմովայի անվան «Արաբեսկ» ռուսական բալետի մրցույթին, որին մասնակցել են ավելի քան 200 արտիստներ և պարուսույցներ 14 երկրից, ճանաչվել է լավագույնը՝ արժանանալով առաջին մրցանակի։
XV միջազգային բալետի մրցույթը, որն այս տարի նվիրված էր պարուսույց և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչին, տեղի է ունեցել հունիսի 25-ից հուլիսի 5-ը: Այս տարի ներկայացվել էր 362 հայտ 35 երկրներից: Մրցույթին մասնակցել է 30 երկրներից շուրջ 160 մասնակից:




