
«Ուժեղ Հայաստան» դաշինքը որոշել է վերցնել Ազգային ժողովի պատգամավորական մանդատները, հայտարարել է դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
«Մենք եկանք մի հայտարարի, որ ճիշտը մեր ուժի կողմից մանդատների վերցնելն է և ներկայացվածությունը Ազգային ժողովում, որպեսզի ապահովի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին»,–ասել է Կարապետյանը։
Հունիսի 19-ին ընտրությունների արդյունքները բողոքարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանում մեկնարկել էր միավորված գործի քննություն։ Երեկ՝ հուլիսի 4-ին, ՍԴ-ն հրապարակեց իր վերջնական որոշումը՝ անփոփոխ թողնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արդյունքները:
Ըստ ԿԸՀ վերջնական տվյալների՝ նորընտիր խորհրդարանում մանդատները կբաշխվեն հետևյալ համամասնությամբ.
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 64 մանդատ
- «Ուժեղ Հայաստան» դաշինք — 29 մանդատ
- «Հայաստան» դաշինք — 12 մանդատ
«Ուժեղ Հայաստան» դաշինքը մտադիր է նաև ակտիվորեն նախապատրաստվել առաջիկա համայնքային ընտրություններին՝ իշխող ուժի դիրքերը տեղական մակարդակում թուլացնելու նպատակով։




