
Իրանի Իսլամական Հանրապետությունում սկսվել են այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները, որոնք կտևեն մինչև հուլիսի 9-ը: Սգո միջոցառումներն անցկացվում են հոգևոր առաջնորդի մահից չորս ամիս անց. վերջինս սպանվել էր 2026 թվականի փետրվարի 28-ին, երբ Թեհրանի նրա նստավայրը հայտնվել էր ամերիկա-իսրայելական ավիահարվածի թիրախում: Տարածաշրջանում բռնկված ռազմական գործողությունների և անվտանգության նկատառումներից ելնելով՝ հուղարկավորության արարողությունը հետաձգվել էր:
Իրանի իշխանությունների կանխատեսմամբ՝ սգո միջոցառումներին կմասնակցի շուրջ 20 միլիոն մարդ: Այաթոլլայի հետ միասին հուղարկավորվում են նաև նույն հարվածի ժամանակ զոհված նրա ընտանիքի չորս անդամները (դուստրը, փեսան, հարսն ու թոռը):
Խամենեիի աճյունը երեկ տեղափոխվել էր մայրաքաղաք, որտեղ տեղի էր ունեցել պաշտոնական փակ արարողություն Իրանի ղեկավարության և արտասահմանյան բարձրաստիճան հյուրերի համար:
Այսօր գերագույն առաջնորդի մարմինը տեղադրվել է մայրաքաղաքի արևելյան մասում գտնվող Մոսալլա խոշոր կրոնական համալիրում՝ հանրային հրաժեշտի համար: Երկուշաբթի օրը Թեհրանի կենտրոնական փողոցներով կանցնի բազմամարդ թաղման թափորը:
Հուլիսի 7–ին սգո երթը կշարունակվի շիա մահմեդականների համար սրբազան նշանակություն ունեցող Ղոմ քաղաքում:
Հուլիսի 8-ին աճյունը կտեղափոխվի հարևան Իրաք՝ Էն-Նաջաֆ և Քերբելա սուրբ քաղաքներում շիական բարձրագույն կրոնական մեծարման արարողությունների համար :
Հուլիսի 9-ին Ալի Խամենեիի հուղարկավորությունը տեղի կունենա նրա ծննդավայր Մաշհադում ՝ Իմամ Ռեզայի սրբավայր-դամբարանում:
Ալի Խամենեիի մահից հետո երկրի նոր Գերագույն առաջնորդ է ընտրվել նրա որդին՝ Մոջթաբա Խամենեին: Միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ռազմական հրամանատարությունը նորընտիր առաջնորդին հորդորել է զերծ մնալ հրաժեշտի արարողություններին անձամբ և հրապարակայնորեն մասնակցելուց՝ Իսրայելի կողմից անվտանգության հնարավոր սպառնալիքների պատճառով:




