
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ամերիկացի խոշոր գործարար Միրիամ Ադելսոնի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում։
Զրուցակիցները ծավալել են բովանդակալից երկխոսություն, որի շրջանակներում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին և Հայաստանի ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր։ Դեսպան Մկրտչյանը տիկին Ադելսոնին է ներկայացրել նաև երկրի հարուստ պատմամշակութային ժառանգությունը։
Միրիամ Ադելսոնը մեծ հետաքրքրություն է հայտնել Հայաստան այցելելու հնարավորությունը դիտարկելու հարցում։
Միրիամ Ադելսոնը 2018 թվականին պարգևատրվել է ԱՄՆ-ի բարձրագույն քաղաքացիական պարգևով՝ Ազատության նախագահական շքանշանով՝ առողջապահության, բարեգործության և հասարակական գործունեության ոլորտներում ունեցած նշանակալի ավանդի համար։




