ԿարևորՄիջազգային

Կիեւում հուլիսի 3-ին հայտարարվել է սգո օր. Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածում են իրար

Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ այս գիշեր ռուսական հարվածի հետեւանքով զոհերի թիվը հասել է 13-ի։

Նրա խոսքով՝ հարվածի հետեւանքով Կիեւի Դարնիցկի շրջանում մասամբ ավերվել են հինգ եւ ինը հարկանի բնակելի շենքեր, ինչպես նաեւ 16-հարկանի շենքի վերին հարկերը։

Կլիչկոն նշել է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են այստեղ, փլատակների տակ որոնում են 15-ամյա աղջկան եւ նրա ընտանիքի անդամներին։

Կիեւի քաղաքապետը նաեւ հայտնել է, որ վերջին տեղեկություններով վիրավորվել է 86 մարդ, որոնցից 70-ը հոսպիտալացվել են։ Տուժածների թիվը շարունակում է աճել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ հարվածել են Կիեւի ռազմաարդյունաբերական եւ վառելիքաէներգետիկ օբյեկտներին։

Գերատեսչության պնդմամբ՝ դա Ուկրաինայի կողմից Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումների պատասխանն է։

Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության` «խոցվել են ռազմական արդյունաբերության ձեռնարկություններն ու վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտները Կիեւ քաղաքում եւ Կիեւի մարզում, ինչպես նաեւ ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքը Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Չերկասիի, Չեռնիգովի եւ Կիեւի մարզերում»։

Ուկրաինական պաշտոնական տվյալներով` ռուսական հարվածի հետեւանքով տուժել են նաեւ Կիեւի այլ շրջաններ։ Շեւչենկյի շրջանում այրվել է յոթհարկանի բնակելի շենքի տանիքը եւ հյուրանոցի շենքը, Պեչերսկի շրջանում վնասվել է ինը հարկանի բնակելի շենք, իսկ Օբոլոնսկի շրջանում հրդեհ է բռնկվել պահեստում։ Սվյատոշինսկի շրջանում վնասվել են երկու առանձնատներ, իսկ Դեսնյանսկի շրջանում՝ ինը հարկանի բնակելի շենք։

Իր հերթին Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզին։ Նահանգապետ Գլեբ Նիկիտինի տվյալներով՝ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 30 դրոն։ Ընկած բեկորները «ոչ կրիտիկական վնասներ են պատճառել մեկ արդյունաբերական օբյեկտի եւ մի քանի բնակելի տների»։ Նա հայտնել է, որ մեկ մարդ զոհվել է, եւս չորսը՝ վիրավորվել։

Ուկրաինական թելեգրամյան ալիքները գրում են, որ Նիժնի Նովգորոդի Կստովո քաղաքում այրվում է նավթավերամշակման գործարանը։

Կարդացեք նաև

Back to top button