
Բուժաշխատողի օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է քաղաքի բուժհաստատությունների աշխատակիցներին:

«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն և ամենակարևոր պահերին է դառնում հենարան։ Այդ պահերին բուժաշխատողի ներկայությունը, մասնագիտական վստահությունն ու հոգատար վերաբերմունքը մեծ նշանակություն ունեն մարդու համար։ Շնորհակալություն եմ հայտնում առողջապահության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ բժիշկներին, բուժքույրերին, շտապօգնության աշխատակիցներին, մանկաբարձներին, լաբորանտներին, կրտսեր բուժանձնակազմին և բոլոր նրանց, ում ամենօրյա աշխատանքի շնորհիվ մարդիկ ստանում են օգնություն, խնամք, վստահություն և առողջանալու հնարավորություն»,- նշել է քաղաքապետը։
Բուժաշխատողի օրվա առթիվ, առողջապահական համակարգում ներդրած նշանակալի ավանդի ու անմնացորդ նվիրումի համար համակարգի մի շարք աշխատակիցներ արժանացել են «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» կոչմանը, բարգևատրվել են «Էրեբունի-Երևան 2800»-ամյակի հուշամեդալով և Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:




