ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ՔՊ-ն ձևավորում է ապագա խորհրդարանի ղեկավար կազմը, ընդդիմությունը սպասում ՍԴ որոշմանը

Սահմանադրական դատարանում շարունակվող քննությանը զուգահեռ՝ իշխող քաղաքական ուժը ներքին ընտրություններ է անցկացնում, որոնց արդյունքներով որոշում է Ազգային ժողովի ղեկավար պաշտոններում իր թեկնածուներին։

Կուսակցության վարչության անդամների փակ քվեարկությամբ որոշվել է, որ հաջորդ գումարման խորհրդարանի նախագահի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է։ Արդեն հայտնի են նաև փոխնախագահների թեկնածուները։ Խորհրդարանական ընդդիմությունն իրեն բաժին հասնող պաշտոններում թեկնածուներ առաջադրել– չառաջադրելու մասին դեռ չի խոսում։ Առկախված է անգամ մանդատները վերցնել–չվերցնելու հարցը։ ՍԴ դիմած ուժերը սպասում են ընտրության արդյունքները վիճարկող դիմումներով ընդունվելիք որոշմանը, որը կհրապարակվի հուլիսի 4-ին։

Մինչ Սահմանադրական դատարանը շարունակում է ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը, այդ ընտրությունների արդյունքով խորհրդարանական մեծամասնություն ձևավորած ուժը քննարկում է ԱԺ ղեկավար կազմի իր թեկնածուներին։ Խորհրդարանի ղեկավար պաշտոնները, հիշեցնենք, բաշխվում են Դոնթի բանաձևով՝ քաղաքական ուժերի ստացած մանդատների թվին  համապատասխան։

Իշխող ուժի վարչության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց քվեարկության արդյունքները․

«Տեղեկացնեմ, որ քննարկմամբ և փակ գաղտնի քվեարկությամբ՝ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը»։

Ընտրված թեկնածուներից բացի՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար ևս 3 առաջադրում էր եղել՝ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը, ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

Հարցին, թե ինչու վարչությունը կին թեկնածուներից ոչ մեկին որպես փոխխոսնակ չի պատկերացրել, Նիկոլ Փաշինյանն այսպես է արձագանքել․

«Դե փակ գաղտնի քվեարկություն է եղել, չեմ կարող ասել։ Երբ ասում ենք հավասարություն պետք է լինի, այսինքն՝ հավասար մրցակցային պայմաններում կա՛մ ընտրվել են, կա՛մ չեն ընտրվել։ Այսինքն՝ այդ քննարկումը եղել է, թե արդյոք քվոտա պետք է սահմանվի, որ անպայման մի կին պետք է ընտրվի, մի տղամարդ։ Որոշվել է, որ չսահմանենք քվոտա և քվեարկությունն ազատ թողնենք»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ խմբակցության ղեկավարի թեկնածուին կուսակցության վարչությունը կընտրի նույն ընթացակարգով, ինչպես արվել է խորհրդարանի խոսնակի և փոխխոսնակների դեպքում։

Պատիվ էր՝ մրցակցելու առաջարդված թեկնածուների հետ՝ ասում է 9-րդ գումարման խորհրդարանի փոխնախագահի թեկնածու ընտրված Վահագն Ալեքսանյանը․

«Ուզում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնել վարչության անդամ գործընկերներիս այն վստահության համար, որ ցույց տվեցին։ Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը»։

Վահագն Ալեքսանյանը ևս անդրադարձավ կին թեկնածուների չընտրվելուն։ Ըստ պատգամավորի՝ փակ գաղտնի քվեարկության ժամանակ դժվար է կռահել, թե ինչ սկզբունք է գործում։ Սակայն ասում է՝ երկու կին թեկնածուներն էլ քաղաքականության մեջ ծանրակշիռ ներկայություն ունեն։

Դիտարկմանը, թե ՔՊ–ն ներքին ընտրություններ է անցկացնում այն փուլում, երբ ՍԴ-ն դեռ քննարկում է ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները, Վահագն Ալեքսանյանն այսպես է արձագանքում․

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ այս երկու փոքրիկ խմբակներում հիմա նույն պրոցեսի պակաս ժողովրդավար, պակաս թափանցիկ, մեկ մարդու որոշմամբ, մեկ մարդու ձեռքի հարվածով որոշումներ են ընդունվում»:

Ալեքսանյանը բացատրում է՝ իշխող կուսակցությունը Դոնթի բանաձևով ընտրում է ապագա խորհրդարանում իրեն հասանելիք պաշտոնների հավակնորդներին․

«Այ, օրինակ, եթե գնաք ընդդիմադիր երկու փոքրիկ խմբակներին հարցնեք՝ իրենք իրենց մեջ ոնց են որոշել, թե իրենցից ով պիտի լինի, օրինակ, խմբակցության ղեկավար, օրինակ, x հանձնաժողովի նախագահ, դուք շատ կզարմանաք»։

Դոնթի բանաձևով Ազգային ժողովի երրորդ փոխնախագահի պաշտոնը վերապահված է ընդդիմությանը։ Արդյո՞ք իշխող ուժը կաջակցի ընդդիմության առաջադրած թեկնածուին։ Կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն ասում է՝ հարցը դեռ չի քննարկվել։ Անցյալ շաբաթ, հիշեցնենք, ՔՊ–ն նույն ընթացակարգով ԱԺ նախագահի թեկնածու ընտրեց Ռուբեն Ռուբինյանին։ Վերջինս նույնպես կուսակիցների վստահությունը պարտավորեցնող էր համարել․

«Շոյված եմ արդյունքից, և վստահությունն ինձ համար շատ պարտավորեցնող է: Չեմ կարող ասել, որ ինչ-որ բան պետք է ավելի լավ անեմ, քան նախորդ նախագահը կամ մյուս թեկնածուները: Ես կարծում եմ, որ պարոն Սիմոնյանը Ազգային ժողովի շատ լավ նախագահ է եղել և պարոն Կոնջորյանը խմբակցության փայլուն ղեկավար է եղել»։

Խորհրդարանական ընդդիմությունն իրեն բաժին հասնող պաշտոններում թեկնածուներ առաջադրել–չառաջադրելու մասին դեռ չի խոսում։ Առկախված է անգամ մանդատները վերցնել–չվերցնելու հարցը։ ՍԴ դիմած ուժերը սպասում են  ընտրության արդյունքները վիճարկող դիմումներով ընդունվելիք որոշմանը, որը կհրապարակի հուլիսի 4-ին։

Կարդացեք նաև

Back to top button