
Մարզում պաշտոնապես սկսվել է ամառային զորակոչի գործընթացը։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքում անձամբ է մասնակցել զորակոչի հանդիսավոր միջոցառմանը, զրուցել ապագա զինվորների հետ և նրանց մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն։
Մարզպետը հորդորել է նորակոչիկներին բարձր պատասխանատվությամբ մոտենալ հայրենիքի պաշտպանությանը, լինել հոգատար ծառայակիցների նկատմամբ և ռազմական գիտելիքները ծառայեցնել ի նպաստ Հայաստանի Հանրապետության անվտանգության։ Նա վստահություն է հայտնել, որ տղաները պատվով ու արժանապատվորեն կկատարեն իրենց պարտքը պետության հանդեպ:
Ամառային զորակոչի մեկնարկը տրվել է նաև Վարդենիս համայնքում։ Ըստ սահմանված ժամանակացույցի՝ հուլիսի 1-ին նորակոչիկների հաջորդ խմբերը հայկական բանակ կմեկնեն Գավառ, Սևան և Ճամբարակ համայնքներից։




