
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է 100 տոկոս մաքսատուրք սահմանել այն երկրների բոլոր ապրանքների նկատմամբ, որոնք ամերիկյան ընկերությունների համար թվային ծառայությունների հարկ կսահմանեն։
Truth Social հարթակում հրապարակած գրառման մեջ Թրամփը նշել է, որ եվրոպական մի շարք երկրներ քննարկում են նման հարկի ներդրումը, իսկ դրանցից մի քանիսը, նրա խոսքով, մոտ են համապատասխան որոշման ընդունմանը։
«Ցանկացած երկիր, որը նման հարկ կսահմանի, անմիջապես կբախվի 100 տոկոս մաքսատուրքի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ուղարկվող բոլոր ապրանքների նկատմամբ»,- գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ նոր մաքսատուրքը գերակա կլինի Միացյալ Նահանգների հետ կնքված ցանկացած առևտրային համաձայնագրի նկատմամբ՝ անկախ այն բանից՝ այն արդեն ուժի մեջ է մտել, ստորագրվել է, թե ոչ։
Հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի և Եվրամիության միջև առևտրային լարվածության ֆոնին։ Կողմերի միջև ավելի վաղ ձեռք բերված համաձայնագիրը նախատեսում է եվրոպական ապրանքների նկատմամբ ամերիկյան մաքսատուրքերի սահմանափակում 15 տոկոսի մակարդակում՝ ԵՄ-ի կողմից ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնելու դիմաց։
Ֆրանսիայում 2019 թվականից գործում է թվային ծառայությունների 3 տոկոս հարկ, որը տարածվում է խոշոր տեխնոլոգիական ընկերությունների՝ երկրում ստացած եկամուտների վրա։ Մեծ Բրիտանիայում 2020 թվականից գործում է 2 տոկոս հարկ՝ որոնողական համակարգերի, սոցիալական ցանցերի և առցանց առևտրային հարթակների համար։ 2024-2025 ֆինանսական տարում այն բրիտանական բյուջե է բերել 808 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Եվրահանձնաժողովը, արձագանքելով Թրամփի հայտարարությանը, ընդգծել է, որ Եվրամիությունը և անդամ երկրներն իրավունք ունեն ինքնուրույն կարգավորել տնտեսական գործունեությունը։ Հանձնաժողովից նշել են, որ թվային հարկերը նախատեսված են բոլոր խոշոր ընկերությունների համար՝ անկախ դրանց ծագման երկրից, և զգուշացրել, որ ԵՄ-ն պատրաստ է արագ արձագանքել ԱՄՆ-ի չհիմնավորված միակողմանի քայլերին։




