Հայաստանի ղեկավարությունն այժմ կանգնած է զարգացման ուղու ընտրության առջև, և դա կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար, այսօր Մոսկվայում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը գտնվում է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Սա կարևոր է մեզ համար, քանի որ դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան և եղբայրական երկրներ»,- ասել է նա։
Պեսկովը Հայաստանն ու Ռուսաստանը եղբայրական երկրների է որակել եւ նշել, որ «նրանց միավորող ինտեգրացիոն գործընթացը նպաստում է Հայաստանի տնտեսական զարգացմանը»։
Ըստ Պեսկովի՝ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը վերջնականապես ընտրություն կկատարի հօգուտ ԵԱՏՄ-ի։
«Մենք համոզված ենք, որ իր բոլոր որակական բնութագրերով մեր ինտեգրացիոն գործընթացը զգալիորեն գերազանցում է մյուս այլընտրանքներին։ Եվ հույս ունենք, որ իրավիճակի վերլուծության արդյունքում նախևառաջ հայ ժողովուրդը, ինչպես նաև Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, կգան նույն եզրակացության»։
Նույն այս պահին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ Պետերբուրգում։
Երևանի ՀԱՊԿ անդամակցության հեռանկարը կդառնա կազմակերպության բարձրագույն ղեկավարության մանրակրկիտ քննարկման առարկա, հայտարարել է կառույցի մշտական խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլևը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում։
Ըստ նրա՝ «Հայաստանի շուրջ արևմտյան երկրների ոչ բարեկամական ռազմաքաղաքական քայլերը կարող են հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի հետագա սրմանը»։
«Առանձին պետք է անդրադառնալ Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, այդ թվում՝ Հայաստանում ընտրությունների արդյունքների համատեքստում։ ԱՄՆ-ի ծրագրերը, որոնք վերաբերում են, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի անվտանգության ապահովմանը, Եվրամիության երկրների մտադրությունները՝ Հայաստանը ներառելու իրենց ռազմական կառույցներում, ինչպես նաև տարածաշրջանում այլ ոչ բարեկամական քայլերը, հեռանկարում կհանգեցնեն իրավիճակի հետագա սրմանը»,- ասել է նա։




