
Աշխարհահռչակ օպերատոր Մահմուդ Քալարին կնախագահի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի Տարածաշրջանային մրցույթի ժյուրին։
Մահմուդ Քալարիի մասնակցությամբ են լույս աշխարհ եկել Ֆարհադիի «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը», Փանահիի «Խաղից դուրս», Դարիուշ Մեհրջուիի «Լեյլան», Քիառոստամիի «Քամին մեզ կտանի» հանրահայտ ֆիլմերը։
Նա 1980-ականներից ի վեր վեց տասնյակից ավելի կինոնկարների հեղինակներից է, իսկ Քալարիի լուսանկարչական աշխատանքները ցուցադրվել են աշխարհի տարբեր ծայրերում։
«Ոսկե ծիրան»-ի հյուրերի շարքերում պարբերաբար հայտնվել են իրանական նոր կինոյի ռահվիրաները՝ Աբաս Քիառոստամին, Մոհսեն Մախմալբաֆը, Ջաֆար Փանահին և Ասղար Ֆարհադին։ Այժմ հանդիսատեսը կտեսնի այն մարդուն, որը, տեսախցիկը ձեռքին, նկարահանել է վարպետների ֆիլմերից շատերը։
Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի 2026 թվականի հուլիսի 12–19-ը։ Այս տարի ևս կինոփառատոնը կներկայացնի մրցութային և արտամրցութային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր հեղինակավոր միջազգային կինոփառատոններից՝ ներառյալ Կաննը, Բեռլինը և այլ առաջատար կինոհարթակներ։




