ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Տնտեսական աճը որոշակիորեն դանդաղում է․ ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Կենտրոնական բանկի խորհուրդը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6,50։ Գլխավոր դրամատանը արձանագրում են՝ գնաճը շարունակում է իր  ագրեսիվ վարքագիծը։ Սա պայմանավորված է էներգակիրների բարձր գներով ու համաշխարհային շուկայում տեղի ունեցող փոփոխություններով։ Վերջին օրերին Մերձավոր Արևելքում իրավիճակը համեմատաբար կայուն է, էներգակիրների գները որոշ չափով նվազում են։ ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները ակնկալում են, որ Կենտրոնական բանկը  փոքր-ինչ երկար կպահպանի տոկոսադրույքի ընթացիկ մակարդակը՝ միջնաժամկետ հորիզոնում նվազեցնելով քաղաքականության տոկոսադրույքը մինչև 6,25 %: Կենտրոնական բանկում տարբեր սցենարներ են քննարկում։

Տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսական աճը սկսել է դանդաղել։ Կենտրոնական բանկում վերլուծել են՝ ինչ ազդեցություն կունենան ՌԴ սահմանափակումները արտահանման ու տնտեսական զարգացման վրա։ Արտահանման առանձին շուկաներում առաջացած խնդիրները կարող են հանգեցնել եկամուտների նվազման, ինչպես նաև առանձին ապրանքների մասով ավելցուկային առաջարկի ձևավորման՝ պարունակելով առավելապես գնանկումային ռիսկեր։ Ծաղիկների արտահանման ուղիղ կեսը ՌԴ է արտահանվում՝ ասում է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը․

«Մենք փորձել ենք  որոշակի զգայունության անալիզ անել հասկանալու համար՝ եթե շարունակվեն  պատժամիջոցները կամ այն երևույթները, որոնք  կան, ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա, եթե օրինակ չհաջողվի փոխել շուկաները, ու բացառապես Ռուսաստանի շուկայից կախված մնանք, որտեղ ազդեցությունը, մեր գնահատմամբ, կարող է լինել գնանկումային, լինել մինչև 0,6 %»։

Գազավորված խմիչք, բանջարեղեն, ալկոլոհային խմիչք ու մրգեր․ այստեղ հնարավոր է գնանկում ունենալ։ Եթե շուկաները փոխել հաջողվի, պատկերը հուսադրող կլինի․

«Տնտեսության վերաբերյալ, հատկապես ապրանքների, որոշակի հաշվարկներ ունենք։ Եթե այսպես շարունակվի, ՀՆԱ–ի վրա ազդեցությունը մինչև  2 % կլինի։ Մենք հիմնականում գնահատել ենք  գնաճի  ու  պահանջարկի թուլացման  ու  առաջարկի ավելացման պատճառով գնաճի վրա ազդեցությունները»։

ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վազգեն Պողոսյանն ասում է, որ գնահատումը արվել է այն հաշվարկով, թե այս պահին  կոնկրետ որ ապրանքի արտահանման կամ ներմուծման խնդիրներ կան․

«Ո՞ր ապրանքների մասով արտահանման կամ ներմուծման խնդիրներ կան, կարանտինի մեջ են,  այդ  ապրանքների մասով արտահանումից  ստացվող եկամուտները  ՀՆԱ–ի մեջ մոտավորապես մինչև  2 % են կազմում։ Դեպի Ռուսաստան ընդհանուր  ապրանքային արտահանումը ՀՆԱ–ի մեջ  շուրջ 6 %–ն է, բայց դրա մի մասի հետ կապված  է, որ այս  պահին կա խնդիր։ Հիմնականում գյուղատնտեսական ապրանքներ կամ մշակող արդյունաբերություն, կամ մի քանի ընկերություններ են, որ չեն կարողանում տեղաբաշխել արտադրանքը»։

Հայաստանի տնտեսությունը զերծ չէ համաշխարհային իրադարձությունների ազդեցությունից։ 2026 թվականի երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է ձևավորվել թիրախից բարձր մակարդակում՝ մայիսին կազմելով 4,2 %: Այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 5,1 %: 2026 թվականի երկրորդ եռամսյակում, աշխարհաքաղաքական անորոշության և էներգակիրների բարձր գների պայմաններում, համաշխարհային տնտեսությունում պահանջարկը շարունակել է թուլանալ, իսկ դրա հեռանկարը վատթարացել է։ Մակրոտնտեսական ընթացիկ պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները ակնկալում են, որ ԿԲ-ն փոքր-ինչ երկար պահպանի տոկոսադրույքի ընթացիկ մակարդակը՝ միջնաժամկետ հեռանկարում նվազեցնելով քաղաքականության տոկոսադրույքը մինչև 6,25 %՝ արձանագրում  են ԿԲ–ում։

Կարդացեք նաև

Back to top button