ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի ավարտի վերաբերյալ նախնական համաձայնագիրն արդեն ստորագրվել է, եւ ենթադրել է, որ պայմանավորվածության մանրամասները կհրապարակվեն «բավականին շուտ»։
Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նախօրեին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ փոխըմբռնման հուշագիրը «մոտ մեկուկես էջանոց» շատ ընդհանուր բնույթի փաստաթուղթ է։ Վենսը հավելել է, որ բազմաթիվ մանրամասներ կհամաձայնեցվեն ապագա բանակցությունների ընթացքում։
«Մի շարք հարցերի շուրջ մենք ստիպված կլինենք մշակել մանրամասները բանակցությունների տեխնիկական փուլի շրջանակում, սակայն հուշագիրը հիմք է ստեղծում, որի շրջանակում իրանցիները կստանան գործարքից բխող օգուտները՝ կատարելով իրենց ստանձնած պարտավորությունները», — ասել է նա։
Վենսի խոսքով՝ փաստաթղթի առաջին կետում նշվում է, որ Իրանը պարտավորվում է ձգտել «տարածաշրջանային խաղաղության եւ կայունության», ինչը, նրա խոսքով, ներառում է «ահաբեկչական կազմակերպությունների» ֆինանսավորման դադարեցում։
«Ամենակարեւորն այն է, որ նրանք կստանձնեն ստուգման ենթակա պարտավորություն՝ չստեղծել միջուկային զենք»,- ասել է Վենսը։




