
Հունիսի 14-ին Կապան քաղաքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Կավարտի հանքավայրի տարածքից դեպի քաղաքի փողոցներ դեղնանարնջագույն գունավորմամբ ջրերի հոսքի դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ, տեղեկացնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից՝ արձագանքելով համացանցում տարածված «Դեղնավուն անձրևաջրերն ողողում են Կապանի փողոցները» վերտառությամբ տեսանյութին և հանրային մտահոգություններին։
Վարույթի շրջանակներում իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ, այդ թվում՝ տեղում կատարվել են ջրերի նմուշառումներ՝ դրանց բաղադրությունն ու հնարավոր ազդեցությունը պարզելու համար։
Լաբորատոր հետազոտությունների արդյունքների և վարույթի ընթացքի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։




