ԿարևորՄշակույթ

Հայտնի են Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մրցանակակիրները

Կայացել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը, որի ընթացքում հայտարարվել են մրցույթի դափնեկիրների անունները, տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։

Մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյան, որը հանձնել է առաջին մրցանակը։

  • Առաջին մրցանակին արժանացել է Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Գերմանիայից,
  • երկրորդ մրցանակ՝ Արտյոմ Իոանիսյան (Հայաստան),
  • երրորդ մրցանակ՝ Բոգդան Եֆրեմով (Ռուսաստանի Դաշնություն)։

Շնորհվել են հատուկ մրցանակներ․ Յոհան Սեբաստիան Բախի՝ թավջութակի համար գրված մենանվագ ստեղծագործության, Դավիդ Պոպերի մենանվագ թավջութակի համար գրված Էտյուդների, Արամ Խաչատրյանի Սոնատ-ֆանտազիայի և Սոնատի լավագույն մեկնաբանությունների համար։

Տրվել են նաև հատուկ մրցանակներ «Լավագույն նվագակցող դաշնակահար» և «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգերում։

Այս տարի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անցկացվում էր «Թավջութակ» մասնագիտական կարգում։

Հունիսի 6-ին՝ բացման հանդիսավոր արարողության ընթացքում, հնչել է կոմպոզիտորի թավջութակի կոնցերտը՝ աշխարհահռչակ թավջութակահար Վիկտոր Ժուլիեն-Լաֆերիերի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Համերգային ծրագրում ընդգրկված էին նաև հատվածներ Արամ Խաչատրյանի հանրահայտ բալետներից։

Այս տարի մրցույթին մասնակցել են ժյուրիի կողմից ընտրված 19 թավջութակահարներ՝ աշխարհի 11 երկրից։ Մրցույթն անդամակցում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (WFIMC):

Կարդացեք նաև

Back to top button