ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարում են՝ ԱՄՆ-Իրան պատերազմը մոտ է ավարտին, համաձայնագիրը կստորագրվի առաջիկա օրերին

ԱՄՆ նախագահն օրերս հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտ է Թեհրանի հետ պատերազմը դադարեցնելուն։  Համաձայնագիրը, ըստ Թրամփի, կստորագրվի առաջիկա օրերին։ Իրանի արտգործնախարարը, փաստաթղթին առնչվող որոշ փակագծեր բացելով, հայտարարել է, թե համաձայնագիրը բացառիկ է այն առումով, որ ԱՄՆ-ն 47 տարվա ընթացքում առաջին անգամ  հարգալից վերաբերմունք է դրսևորում ԻԻՀ ինքնիշխանության նկատմամբ։

ԱՄՆ-Իրան պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնագիրը մոտ է ստորագրմանը՝ փաստում են և ամերիկյան, և իրանական կողմերը։ Չնայած լավատեսական շեշտադրումներին և անգամ համաձայնագրի դրույթների հրապարակմանը՝ փոխադարձ հարվածները շարունակվում են։ Հունիսի 13-ի վաղ առավոտյան ԱՄՆ-ն հայտարարեց իրանական անօդաչուներ խոցելու մասին։ Նշվում է, որ դրանք թիրախավորել էին մի քանի նավթատար նավեր Հորմուզի նեղուցում։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը X-ում, մասնավորապես, գրել է․

«Իրանը հարձակողական անօդաչու սարքեր է արձակել՝ փորձելով հարվածել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերին։ Վերջին ժամերին ԱՄՆ զինված ուժերը խոցել են բոլոր անօդաչու սարքերը և ապահովել նավերի անարգել շարժը։ Միջազգային առևտրային միջանցքը բաց է տարանցիկ փոխադրումների համար»։

Այս լուրերը հաղորդվում են իրավիճակի հանգուցալուծման մասին հայտարարությունների ֆոնին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել է, որ կողմերը ավելի քան երբևէ մոտ են համաձայնության հասնելուն։ Նա փաստաթղթին առնչվող որոշ փակագծեր է բացել․

«Կողմերը փոխադարձաբար կհարգեն միմյանց ինքնիշխանությունը։ Ես կարծում եմ, որ սա առաջին դեպքն է 47 տարվա ընթացքում, երբ Միացյալ Նահանգները բացահայտորեն արտահայտում է իր հարգանքը Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ։  Այդ մասին անգամ գրավոր ձևակերպում կա։  Փոխարենը Վաշինգտոնը խնդրում է մեզ հարգել Միացյալ Նահանգների ինքնիշխանությունը։ Նահանգները պարտավորվում է չմիջամտել Իրանի ներքին գործերին և խնդրում է մեզ պարտավորվել չմիջամտելու Միացյալ Նահանգների ներքին գործերին։ Կարծում եմ, որ սա այս համաձայնագրի ամենակարևոր դրույթներից մեկն է»։

Իրանի արտգործնախարար Արաղչին հստակեցրել է նաև, որ համաձայնագրում ներառված է Իրանի արգելափակված միջոցների ապասառեցման հարցը, որի շուրջ վերջնական համաձայնության կողմերը  կգան  առաջին փուլում։ Ըստ Արաղչիի՝ համաձայնագրում ներառվել է նաև Իրանին հասցված վնասի փոխհատուցման հարցը։ Ի դեպ, սա այն թեման է, որի շուրջ ամերիկյան մոտեցումը էապես տարբերվում է իրանականից։ ԱՄՆ նախագահը շտապել է  պարզաբանել հարցը՝ սոցցանցում գրելով, որ Վաշինգտոնի ու Թեհրանի միջև բանակցվող համաձայնագրի մանրամասները ճիշտ չեն ներկայացվում։

Իսկ նախարար Արաղչին համաձայնագրի նաև այլ կետերի մասին է խոսել․

«Մենք նաև խորհրդակցություններ ենք սկսել տարածաշրջանի այլ  երկրների հետ, որոնց համար Հորմուզի նեղուցի ջրային ճանապարհը կարևոր է։ Օրինակ՝ ջրային այս ճանապարհը մեծ նշանակություն ունի Չինաստանի համար։ Մենք համապարփակ վերանայումներ ենք արել, ըստ այդմ՝ տարանցիկ վճար գանձելն ընդունելի չէ, բայց մատուցված ծառայությունների համար գանձումներ անելը լիովին թույլատրելի է»։

Իրանի արտգործնախարարը նաև հստակ հայտարարում է, որ  համաձայնագիրն ունի թշնամիներ, և առաջինը մատնացույց է անում Իսրայելին։

Axios պարբերականը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և հայտնել, որ առաջիկա օրերին պատրաստվում է ստորագրել Իրանի հետ գործարքը, ինչը, ըստ լրատվամիջոցի, Նեթանյահուի համար անակնկալ է եղել։

ԱՄՆ նախագահը վերջինիս վստահեցրել է, որ խոսքը հիանալի գործարքի մասին է, և որ ժամանակն է ավարտելու այս պատերազմը։

Իսրայելի վարչապետն էլ մտահոգություն է հայտնել փաստաթղթի առնչությամբ։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն էլ շեշտել է, որ Թրամփի վարչակազմը գործում է՝ բացառապես ԱՄՆ շահերից ելնելով։ Նա հայտարարել է, որ Իսրայելի անվտանգության դոկտրինը մնում է անփոփոխ, և երկիրը պահպանում է Իրանի միջուկային սպառնալիքի դեմ ինքնուրույն և անկախ ռազմական գործողություններ իրականացնելու իրավունքը։

Իրանի արտգործնախարարը, մինչդեռ, իրանական հեռուստատեսությանը պարզաբանել է, որ Թեհրանի դիրքորոշումը անփոփոխ է․ 60% հարստացված նյութի հարցում միակ ընդունելի տարբերակը կամ դրա նոսրացումն է կամ փոխակերպումը Իրանի ներսում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրավիճակն այլ կերպ է պարզաբանում․

«Ինձ համար ամենակարևոր դրույթն այն է, որ Իրանն, ըստ էության, ոչ մի դեպքում չի ստեղծի կամ չի գնի միջուկային զենք։ Սա շատ ուժեղ փոխըմբռնման հուշագիր է, որը հայեցակարգային է և կատարվելու է։ Դա շատ մանրամասն փոխըմբռնման հուշագիր է, որը նաև համաձայնեցված է շատ այլ երկրների հետ, որոնք մեծ ազդեցություն ունեն նրանց վրա։ Բոլորը ցանկանում են, որ այն իրականություն դառնա»:

Ուշագրավ է, որ երկու օր առաջ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ Իրանին հարվածելու մտադրություն է ունեցել, որը, սակայն, չի իրագործել։

CNN-ի տեղեկություններով՝ Վաշինգտոնը դեռ մեկ ամիս առաջ է մտադիր եղել ցամաքային գործողություններ իրականացնել ու առգրավել Իրանում հարստացված ուրանը, սակայն հրաժարվել է այդ ծրագրից՝ դրա վտանգավորության չափը հաշվի առնելով։

Կարդացեք նաև

Back to top button