
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Նորին Սրբություն, Համայն Վրաստանի նորընտիր Կաթողիկոս-Պատրիարք Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Շիո Երրորդը, հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

ՀՀ դեսպանն իր երախտիքն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել է Նորին Սրբությանը՝ մաղթելով աստվածահաճո ծառայության երկար, խաղաղ ու առողջ տարիներ։ Ա.Սմբատյանն իր համոզմունքն է հայտնել առ այն, որ Վրաց Ուղղափառ Սուրբ եկեղեցու նոր պատրիարքի հոգևոր ծառայությունը շարունակությունն է լինելու նախորդների սերմանած քրիստոնյա բարքերի՝ առավել հզորացնելով Եկեղեցին և վրաց ժողովուրդը։
Նորին Սրբությունն իր օրհնությունն է բերել հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը և ՀՀ դեսպանին։ Նա կարևորել է հայ ու վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը, որի շնորհիվ և, հանուն որի, երկու ժողովուրդները հավասարապես պայքարել են և կերտել իրենց ինքնությունը։


Շիո Երրորդն անդրադարձել է նաև արդի մարտահրավերներին, որոնց հաղթահարման միակ ճանապարհը համարել է հոգևոր և ազգային արժեքներին հավատարմությունն ու ինքնության պահպանումը։
Նորին Սրբությունը խոսել է նաև Հայ և Վրաց Եկեղեցիների միջև հաստատված ջերմ կապերի մասին` վերահաստատել է Վրաց Եկեղեցու ցանկությունն ու պատրաստակամությունը այդ կապերն առավել խորացնելու և զարգացնելու ուղղությամբ։




