ԿարևորՀասարակություն

Հանրային ռադիոյի տեխնիկական վերազինումը ՀՌԽ-ի  առաջնահերթություններից է․ քննարկում ԱԺ-ում

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկմանը հաշվետվություն են ներկայացրել Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանը, Հանրային ռադիոընկերության տնօրեն Արմեն Քոլոյանն ու Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

Վասակ Դարբինյանի խոսքով՝  2025-ի ընթացքում կառույցին  պետբյուջեից շուրջ  8, 5 մլրդ դրամ է տրամադրվել, որը գրեթե ամբողջությամբ ծախսվել է։

2024-ի համեմատ՝  ծախսերն աճել են շուրջ 1.4 տոկոսով, ինչը  հիմնականում պայմանավորված է եղել  հեռուստատեսության   ծախսերի ավելացմամբ։

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը նշել է, որ 2025-ի առաջանահերթությունների թվում կառույցը դիտարկել է  Հանրային ռադիոյի տեխնիկական վերազինման խնդիրը։ 

«Ռադիոյի 100–ամյակը հրաշալի առիթ էր այս նախաձեռնության համար։ Հույս ունեմ, որ Հանրային ռադիոյի զարգացման և արդիականացման մեր ծրագիրը կիսատ չի մնա, և առաջիկա երեք տարիներին  ամբողջությամբ կբավարարվեն այս կառույցի կարիքները», –ասել է Դարբինյանը։

Ռադիոյի վերազինման խնդրին անդրադարձել է նաև Հանրային ռադիոընկերության տնօրենը։ Արմեն Քոլոյանը հույս է հայտնել, որ շուրջ 20-ամյա դադարից հետո ռադիոյի տեխնիկական վերազինման ծրագիրն ի վերջո իրականություն կդառնա, ինչը պրոֆեսիոնալ և որակյալ աշխատանքի կարևոր նախապայման է։ Ռադիոյի աշխատանքի սկզբունքների մասին ռադիոյի տնօրենը խոսել է հունիսի 7-ի ընտրությունների լուսաբանման օրինակով։

Արմեն Քոլոյանը նշել է, որ ռադիոյի արդիականացման ծրագիրը ոչ միայն հնարավորություն է, այլ նաև պատասխանատվություն։

Կարդացեք նաև

Back to top button