
Պատմության մեջ առաջին անգամ 32-ի փոխարեն 48 դրոշ է ծածանվել ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական բացմանը։ Սա նախորդներին գերազանցող ֆուտբոլային իրադարձությունն է, ընդ որում՝ ոչ միայն մասնակիցների թվով։ Առաջին անգամ աշխարհի խաղերը հյուրընկալում է երեք երկիր՝ ԱՄՆ, Մեքսիկա և Կանադա։ Բոլոր 3 երկրներում էլ պաշտոնական բացման արարողություններն ուղեկցվում են միջազգային աստղերի ելույթներով:
Մունդիալների ամենահայտնի երգերը հնչեցրած Շակիրան անուշադրության չի մատնել նաև այս տարվա առաջնությունը։ Նրա և Burna Boy-ի Dai Dai երգը երկու շաբաթում հիթ է դարձել։ Ֆուտբոլասերներն այս երգի հնչյունների տակ նոր մարտահրավերներ են ստեղծում, երկրպագում այս կամ այն երկրին․
1248 ֆուտբոլիստ, 48 ազգային հավաքական ու 104 հանդիպում։ Մեխիկոյում բացման արարողությունից րոպեներ անց մեկնարկեց առաջնության խմբային փուլի առաջին հանդիպեւմը․ մեքսիկացիները մրցեցին Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանու հետ և 2։0 հաշվով հաղթանակ տարան։ Առաջին դիմակայությունն, ի դեպ արդեն միջազգային մամուլի գլխագրերում է։ 3 կարմիր քարտ է բարձրացրել մրցավարը, ինչն առաջնության առաջին խաղի համար հազվադեպ իրադարձություն է։
Լարված մրցակցության կողքին առաջնության առաջին արցունքերն են։ Պարագվայի հավաքականը 16 տարվա դադարից հետո վերադարձել է առաջնություն ։ ԱՄՆ-ի հետ խաղից առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հավաքականի կիսապաշտպան Դիեգո Գոմեսը բառացիորեն խոսքեր չի գտել՝ նկարագրելու հուզմունքն ու հպարտությունը․
«-Շատ ուրախ եմ այստեղ իմ երկիրը ներկայացնելու համար։ Մենք վերջապես երկար դադարից հետո այստեղ ենք․․»
Ու մինչ էմոցիոնալ Գոմեսը բառեր էր փնտրում, Պարագվայի արգենտինացի մարզիչ Գուստավո Ալֆարոն մխիթարում էր նրան։
«Խոսքեր չկան նկարագրելու, թե ինչ ենք զգում և ինչ է զգում ամբողջ Պարագվայը»։
Գոմեսը խոստացավ չհանձնվել․
«Գիտեք, ես շատ էմոցիոնալ եմ, բայց մի բան կարող եմ հստակ ասել՝ մենք ամբողջությամբ, 100 տոկոսով նվիրվում ենք մեր երկրին իսկապես հպարտ դարձնելուն»։

Պարագվայը կփորձի այս զգացմունքները վերածել հաջողության՝ հավելեց Ալֆարոն՝ շեշտելով, որ իր երկիրը միշտ էլ բարդ ու դժվար մրցակից է եղել աշխարհի առաջնությունում։
Առաջնությանը 4 հավաքական մասնակցում է առաջին անգամ։ Ուշագրավ է հատկապես Ուզբեկստանի մասնակցությունը։ Այս երկիրը միակն է հետխորհրդային երկրներից, որ առաջնության ուղետոմս է ստացել։ Ուզբեկների առաջին դիմակայությունը կլինի Կոլումբիայի հետ՝ Մեխիկոյում։ Մինչև այդ Նյու Յորքում նրանք ընկերական խաղ են ունեցել Նիդերլանդների ընտրանու հետ, ԱՄՆ-ից հրապարակել կադրեր, թե ինչպես են թիմի անդամներին անվտանգության աշխատակիցները մանրակրկիտ զննում․
«Ինձ համար սա առաջին անգամ էր, երբեք չէի մասնակցել խաղի, որից առաջ ստուգում են իմ պայուսակը: Լավ, եթե Ամերիկայի համար սա նորմալ է, ուրեմն լավ, խնդիր չէ»,-ասել է ֆուտբոլիստներից մեկը։
Միացյալ Նահանգները, ի դեպ, անվտանգության խիստ կանոններ է սահմանել և չի թուլացնում իր երկիր մուտքի խիստ ռեժիմը նաև այս օրերին։ Սոմալիից մրցավար Օմար Աբդուլքադիր Արտանը, որ Աֆրիկայի 2025 թվականի տարվա մրցավարն էր, և որ պետք է դառնար Սոմալիից առաջին մրցավարը, որը կվարեր ֆուտբոլի համաշխարհային մրցաշար, ԱՄՆ մաքսային և սահմանապահ ծառայության մերժման պատճառով չկարողացավ օդանավակայանից դուրս գալ, չնայած ուներ վավեր վիզա ։
«Եղավ այն, ինչ եղավ: Դա ճակատագրի հարց էր։ Ֆիֆան ինձ լավ էր աջակցում, ես շնորհակալ եմ։ Սոմալին մերն է՝ անկախ նրանից՝ լավ է, թե վատ։ Ես ուզում եմ մեր երիտասարդությանը ասել, որ չկորցնեն հույսը մեր երկրի նկատմամբ։ Ես հիմա իմ երկրում եմ, և չկա ուրիշ տեղ, որտեղ ես կցանկանայի լինել»։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սոմալիացի մրցավարը նշանակվել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մրցավար։
Միացյալ նահանգներն, ի դեպ, խիստ կանոններ է գծել նաև Իրանի հավաքականի համար։ Թեև վերջիններս այժմ Մեքսիկայում են, բայց խմբային փուլի բոլոր հանդիպումները պետք է անցկացնեն Միացյալ Նահանգներում։ Խաղերին մասնակցելու համար հավաքականը պետք է մեկնի Միացյալ Նահանգներ՝ հանդիպումից մեկ օր առաջ և խաղից հետո լքի երկիրը։ Այսպես երեք անգամ։ Իրանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները առաջնության են մեկնել 168 թիվը ցույց տվող կրծքանշանով։ Մինաբի օրիորդաց դպրոցին ամերիկյան հարվածի հետևանքով ճիշտ այսքան մարդ էր սպանվել։

Առաջին անգամն է, երբ Աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկիրն ընդունելու է մի երկրի հավաքականի, որի հետ պատերազմում է։ Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ թեև բոլոր ֆուտբոլիստները վիզաներ ստացել են, սակայն ֆեդերացիայի մի քանի ներկայացուցիչներ, այդ թվում՝ թիմի մենեջերը, երկու վերլուծաբան, մամուլի պատասխանատուն ու արտաքին գործերի նախարարության մեկ ներկայացուցիչ Միացյալ Նահանգներ մուտք գործել չեն կարողացել: ԱՄՆ-ի միգրացիոն քաղաքականությանն ադրադարձել է նաև ՖԻՖԱ–ի նախագահ Ջանի Ինֆանտինոն․
«Մենք ամեն ինչ չենք վերահսկում։ Մենք կփորձենք, կքննարկենք, կխոսենք, կտեսնենք։ Գուցե երբեմն լավ է պարզապես հանգստանալ, թուլանալ։ Մենք աշխատում ենք ամեն ինչի վրա, փորձում ենք լուծել ամեն ինչ։ Հեշտ չէ, երբ ունես 300,000 հավատարմագրված մարդ, որոնց մեծ մասը ԱՄՆ-ից դուրս է։ Դուք չգիտեք, բայց ցավոք, մեր աշխարհը շատ ագրեսիվ աշխարհ է, և անվտանգությունը ամեն ինչից վեր է, և դուք պետք է հարգեք կայացված որոշումները»։

Ֆուտբոլի աշխարհի գավաթն ամենաշատը նվաճել է Բրազիլիան՝ 5 անգամ, այնուհետև Իտալիան՝ 4 անգամ։ Այս երկիրն, ի դեպ, արդեն երրորդ անգամ անընդմեջ չի կարողանում հասնել աշխարհի առաջնության եզրափակիչ։ Գործող չեմպիոնը Արգենտինան է․ 2022-ին այդ երկրի հավաքականը եզրափակիչում հաղթել է Ֆրանսիայի ընտրանուն։ 2026-ի ֆավորիտներն են Իսպանիան, Անգլիան, Ֆրանսիան, Բրազիլիան, Արգենտինան, Պորտուգալիան։ Վերջինի կազմում է նաև Քրիշտիանու Ռոնալդուն։ Բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուներից մեկը 5 անգամ ազգային հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի առաջնությանը, բայց այդպես էլ գավաթն իր ձեռքում չի բռնել։ Այս առաջնությանը Ռոնալդուի 6-րդ և թերևս վերջին մասնակցությունն է։




