ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Մոսկվան փակում է դռները, Եվրոպան՝ բացում․ հայկական արտադրանքը կիրացվի ԵՄ-ի շուկայում

ՀՀ արտադրանքը այսօր արտահանվում է եվրոպական շուկաներ։ Դա նշանակում է, որ հայկական արտադրանքը համապատասխանում է եվրոպական չափանիշներին՝ վստահեցնում է էկոնոմիկայի նախարարը։ Նա վստահեցնում է, որ Հայաստանում արտադրված ապրանքը այսօր կարող է մրցել Ֆրանսիական, իսպանական, պորտուգալական արտադրանքի հետ։

Սրան զուգահեռ՝ «Ռոսսելխոզնադզորը» այսօրվանից ոչ միայն արգելում է հայկական արտադրանքի ներմուծումը Ռուսաստան, այլև արգելում է դրա տարանցումը իր երկրի տարածքով։

Մայիսի սկզբին Երևանում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովից հետո դժգոհության նոտաներ հնչեցին Մոսկվայից։ Իսկ մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հայաստան այցից ու ՀՀ-ԱՄՆ համաձայնագրերի ստորագրումից հետո դրանք վերածվեցին կոնկրետ գործողությունների։ Ռուսաստանը արգելեց ներմուծել հայկական արտադրության մի շարք մթերքներ։ Այսօր այդ ցանկը բավականին մեծ է՝ հայկական արտադրության խմիչքներում, պտուղ– բանջարեղենում, մրգերում ու ձկնեղենում, ըստ ռուսական չափումների, հայտնաբերվել են անթույլատրելի պարունակություններ։ Հայ արտադրողը հայտնվել է անելանելի վիճակում։ Ռուսաստան արտահումը կասեցված է, իսկ պտուղ –բանջարեղենը երկար պահել հնարավոր չէ ։ Այս իրավիճակում սկսեցին բացվել եվրոպական շուկայի փակ դռները։  Պարզվում է՝ հայկական չափանիշները համապատասխանում են Եվրոպական ստանդարտներին։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում է, որ ջերմատնային տնտեսությունների, ինտենսիվ այգիների արտադրանքը արտահանվելու է, և այն համապատասխանում է եվրոպական ամենաբարձր չափանիշներին:

«Հայաստանում արտադրվող ջերմոցային ժամանակակից տնտեսությունների արտադրանքի որակը որևէ կերպ չի զիջում գերմանականին կամ լեհականին: Ինչու, որովհետև տեխնոլոգիան նույնն է, արտադրողը, կառուցապատողը նույնն են, սերմը, ամեն ինչ նույնն են ամբողջությամբ: Դա նշանակում է, որ մենք նախորդիվ ճիշտ ենք արել, որովհետև նախորդ տարիներին, երբ միլիարդավոր դրամներ ենք ծախսել ու Հայաստանում հազարավոր հեկտարներով ինտենսիվ այգիներ են ստեղծվել, հարյուրավոր հեկտարներով ջերմատներ են ստեղծվել, դրանց արտադրանքը այսօր կարողանում ենք հեշտությամբ արտահանել»։

Իսկ այն արտադրանքը, որը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, պետք է այնպես անել, որ ժամանակի ընթացքում փոխվի և համապատասխանի դրանց։ Այդ հարցում կառավարությունը տնտեսվարողի կողքին է՝ վստահեցրեց Պապոյանը։ Նա նաև պարզաբանեց, որ այսօր արտահանման խնդիրներ ունեցող ապրանքը կփորձեն իրացնել տեղական շուկայում, կամ այլ շուկաներում  լուծում գտնելով։ Ամեն դեպքում, ըստ նախարարի, արտադրողը չի տուժում, քանի որ կառավարությունը սուբսիդավորում է ծախսերը։ Նախարարը վստահեցնում է, որ հայ արտադրողը չի տուժել ռուսական շուկա մուտքի արգելքից, և դրա վկայությունն, օրինակ, ելակի գինն է, որը չի իջնում, շուկայում առհասարակ գնանկում չկա։

«ՀՀ գյուղացիական տնտեսությունները իմ խորին համոզմամբ պետությունից նեղանալու հիմքեր չունեն։ Պետությունը միշտ իրենց կողքին կանգնած է բոլոր ծրագրերով՝ պարարտանյութերի սուբսիդավորման, ապահովագրության ժամանակ կողքին է, արտահանման ժամանակ ամեն կիլոգրամի համար փոխհատուցում տալիս է, մաքսատուրք վճարելիս գյուղացու կողքին է, ջրի գնի մեծ մասը սուբսիդավորելով, կողքը կանգնած է: ՀՀ-ում գյուղատնտեսությունը ոչ միայն հարկ չի տալիս, այլև փաստացի, եթե իրար հետ գումարենք, կպարզվի, որ 50 տոկոս և ավելի պետությունը սուբսիդավորում է ընդհանուր ծախսերը»։

Սահմանափակում չկա արտահանվող ապրանքի քանակի հարցում, վստահեցնում է նախարարը։ Պապոյանը նաև հստակեցնում է, որ ՀՀ արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարությունները աշխատում են եվրոպական երկրների հետ, որպեսզի ՀՀ–ն տնտեսական հատուկ կարգավիճակ ստանա, ինչպես Մոլդովան կամ Ուկրաինան։

Իսկ ռուս գործընկերների հետ հունիս-հուլիս ամիսներին քննարկումների հնարավորություն կա, քանի որ այցեր և հանդիպումներ են նախատեսված ՌԴ-ում, տեղեկացրեց Գևորգ Պապոյանը։ Նա նաև ընդգծեց, որ հարգանքով են վերաբերվում ռուս գործընկերներին և չեն կարծում, որ այս հարցերը կարող են լարվածություն ստեղծել երկու երկրների հարաբերություններում։

Մինչև այդ քննարկումները, սոցցանցերում գործարարներն ու «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը» հեռախոսահամարներ են տարածում և հուշում, թե ինչպես կարելի է իրացնել այս կամ այն արտադրանքը։

 «Made by Armenias» հ/կ հիմնադիր Արա Մարությանը «Ռադիոլուրին» տեղեկացրեց, որ այս պահին  ծիրանի, պղպեղի ու այլ պտուղ–բանջարեղենի պատվեր կա Գերմանիայից, Ֆրանսիայից և Վրաստանից և իրենք պատրաստ են ապրանք ընդունելու և տեղափոխելու։

ԵՄ պատվիրակության առևտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանն էլ, անդրադառնալով ստեղծված վիճակին, ասում է․

«Վերջին շրջանում նկատում եմ, որ որոշ արտահանողներ շտապում են տարբեր միջազգային սերտիֆիկատներ ստանալ՝ կարծելով, թե դրանք պարտադիր են ԵՄ արտահանման համար։ Իրականում Հայաստանից ԵՄ թարմ միրգ և բանջարեղեն արտահանելու համար ներկայումս կա միայն մեկ պարտադիր սերտիֆիկատ՝ ֆիտոսանիտարական սերտիֆիկատը, որը տրամադրում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)։

Եթե ցանկանում եք արտահանել թարմ միրգ կամ բանջարեղեն ԵՄ շուկա, առաջարկում եմ հետևյալ քայլերը.

1. Գտնել եվրոպացի գնորդ կամ ներմուծող։

2. Ճշտել գնորդի կողմից ներկայացվող բոլոր պահանջները և անհրաժեշտ փաստաթղթերը։

3. Համոզվել, որ արտադրանքը համապատասխանում է ԵՄ բուսասանիտարական պահանջներին։

4. ՍԱՏՄ-ից ստանալ ֆիտոսանիտարական սերտիֆիկատ։

5. Կազմակերպել արտահանման և մաքսային ձևակերպումները։

6. Անհրաժեշտության դեպքում ստանալ գնորդի կողմից պահանջվող կամավոր սերտիֆիկատները։

7. Ապահովել համապատասխան մակնշում և ուղեկցող փաստաթղթեր»։

Հայ արտահանողները ուղիներ են առաջարկում, իսկ «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 12-ից ժամանակավորապես արգելում է ոչ միայն Հայաստանից բուսասանիտարական բոլոր տեսակի ապրանքների ներկրումը Ռուսաստան, այլև դրանց տարանցիկ փոխադրումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ պետություններ։

Արգելքը տարածվում է ինչպես տեղական արտադրանքի, այնպես էլ Հայաստանից առաքվող բեռների վրա և կգործի մինչև անվտանգության վերահսկման հստակ ալգորիթմների համաձայնեցումը։

Ռուսական կողմն այս քայլը հիմնավորում է հունիսին հայկական ընկույզի, չրերի և չորացրած լոլիկի խմբաքանակներում «կապրային բզեզի» ենթադրյալ հայտնաբերմամբ՝ Հայաստանի պատասխանատու կառույցներին մեղադրելով թերի ֆիտոսանիտարական հսկողության և ԵԱՏՄ անվտանգությանը սպառնալու մեջ։

Միջազգային մամուլը, անդրադառնալով հայկական արտադրանքի Ռուսաստան ներմուծման արգելքին, հիշեցնում է, որ նախ՝ մայիսի 22-ին Ռուսաստանը արգելեց ծաղիկների ներմուծումը, ապա մայիսի 30-ին՝ թարմ բանջարեղենի և հատապտուղների ներմուծումը՝ լոլիկ, վարունգ, պղպեղ, կանաչեղեն ու ելակ: Հունիսի 2-ին սահմանափակումները տարածվեցին կորիզավոր մրգերի վրա, իսկ հունիսի 3-ին՝ կարտոֆիլի, սմբուկի և չոր մրգերի վրա: Մինչև այդ, արդեն արգելափակվել էր հանքային ջրի, կոնյակի, գինու, կենդանի ձկան ու ձկնամթերքի ներմուծումը։

DW–ն այս ամենում քաղաքական ենթատեքստ է տեսնում և գրում է, որ ռուս-հայկական հարաբերություններում ճգնաժամը սկսվեց, երբ 2025 թվականի մարտին Հայաստանը սկսեց ԵՄ միանալու գործընթացը: 2026 թ-ին մայիսի 29-ին Ռուսաստանի նախագահ Պուտինը զգուշացրեց Երևանին «ուկրաինական սցենարի» մասին՝ առաջարկելով ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնել, և եթե կարիք լինի, խելացի և փոխշահավետ, քաղաքակիրթ ապահարզան կարող է լինել։

Ավելի ուշ, արդեն մայիսի 26-ին Ռուսաստանը սպառնաց դադարեցնել գազի, նավթամթերքի և ադամանդի մատակարարման համաձայնագրերը: Իսկ մայիսի 30-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հետ կանչեց իր դեսպանին Երևանից՝ խորհրդակցությունների համար։

Միջազգային մամուլը հիշեցնում է, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կշարունակի մասնակցել ԵԱՏՄ նիստերին մինչև ԵՄ-ԵԱՏՄ միջև ընտրությունը անխուսափելի դառնա։ Այս լարվածության պայմաններում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոստացավ 50 միլիոն եվրո օգնություն ուղարկել Հայաստան՝ Ռուսաստանի արտահանման սահմանափակումները հաղթահարելու համար։

Կարդացեք նաև

Back to top button