
Ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ սահմանված կանոններ։ Փողոցային արվեստը՝ սթրիթ արտը Երևանում աստիճանաբար դառնում է քաղաքային մշակույթի անբաժան մասը։ Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում հայտնված հայկական գորգը այնքան է գրավել անցորդների ուշադրությունը, որ քաղաքային իշխանությունները ստիպված են եղել երթևեկության հետ կապված որոշակի փոփոխություններ մտցնելու այդ հատվածում։
Մի քանի շաբաթ է՝ Երևանի հենց սրտում՝ Պուշկինի և Աբովյան փողոցների խաչմերուկի ասֆալտը ծածկվել է հայկական ավանդական գորգի պատկերով։ Դժվար է գտնել մի անցորդի՝ լինի երևանցի թե մայրաքաղաքի հյուր, որն անտարբեր անցնի այդ հատվածով ու կանգ չառնի լուսանկարելու կամ պարզապես հիանալու համար։ Այդ տեսարանից տպավորված են հատկապես զբոսաշրջիկները։ Երեկոյան Երևանի կենտրոնում զբոսնողներից շատերը ձգտում են հենց այս խաչմերուկով անցնել ու սեփական աչքով տեսնել գետնանկար գորգը։
Իսկ ինչպե՞ս է ծնվել ասֆալտի վրա գորգ նկարելու գաղափարը։ Հեղինակներն ասում են, որ այդ միտքը վաղուց էր ծնվել, ու միայն երկարատև նախապատրաստական աշխատանքներից հետո է հաջողվել այն կյանքի կոչել։ Պատմում է հեղինակը՝ Gandz ստուդիայի հիմնադիր Հարություն Մեսրոպյանը․
«Այս գաղափարը մտածել ու քննարկել էինք դեռ մեկ տարի առաջ, սակայն այդ ժամանակ ես դրսում էի ապրում։ Հետո էլ եղանակային պայմաններն էին վատը, ու որոշեցինք սպասել, գալ ու հասնել այս գարնանը»։
Պատկերված գորգին կարելի է տեսնել 1928 տարեթիվը։ Հեղինակն ասում է, որ այդ թիվը գրել են՝ ցանկանալով ընդգծել գորգի հնությունը, սակայն հետագայում պարզվել է, որ այն իրականում ավելի հին պատմություն ունի։
Հարություն Մեսրոպյանը համոզված է, որ երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը դեռ երկար հնարավորություն կունենան վայելելու այս պատկերը, քանի որ օգտագործված նյութերն ու ներկերը բավական կայուն են․
«Այս աշխատանքը դեռ մեկ տարի կպահպանվի, հետո այն կջնջենք և նորը կնկարենք։ Այս պահին չեմ ուզում փակագծերը շատ բացել, բայց նախատեսում ենք մինչև աշուն էլի նմանատիպ աշխատանքներ անել քաղաքում։ Մոտավորապես 3-4 փողոցներում կլինեն նոր գորգեր»։
Սթրիթ արտը աշխարհում վաղուց արդեն դիտարկվում է որպես տուրիստական գրավչության և քաղաքային միջավայրի բարելավման միջոց։ Այն ոչ միայն գեղեցկացնում է միջավայրը, այլև յուրօրինակ կապ է ստեղծում անցորդների հետ։
Սկզբնական շրջանում փողոցում, ասյպես ասենք, փռված գորգը որոշակի շփոթմունք էր առաջացրել անցորդների շրջանում։ Շատերը կարծում էին, որ պատկերված գորգը որպես հետիոտնային անցում է ծառայում և սկսել էին փողոցը հատել հենց այդտեղով․
«Իրականում այդտեղ արդեն լուսացույց են տեղադրել, քանի որ հետիոտների հոսքը շատ մեծ էր, և դրա անհրաժեշտությունն իսկապես կար, որովհետև մարդիկ հաճախ էին այդտեղով անցնում»։
Նկարիչը պատմում է, որ մանկուց մեծ սեր է ունեցել կերպարվեստի հանդեպ։ Նախ դասական ոճով է նկարել։ Սակայն ինքն իրեն գտնելու երկար փնտրտուքից հետո ի վերջո հասել է այս սթրիթ արտին․
«Իրականում, երբ սկսում ես դասական նկարչությունից, բայց սիրտդ ավելի շատ ձգում է դեպի ժամանակակից արվեստը, արդեն սկսում ես ինչ-որ նոր բաներ փնտրել։ Հենց այս փնտրտուքների ընթացքում էլ ես գտա այս ոճը։ Ընկերներիս հետ թաքուն, տարբեր տեղերում գրաֆիտիներ էինք անում, ու այդպես կամաց-կամաց ծնվեց սերը դրա հանդեպ։ Սկզբում մեզ դուր էր գալիս հենց այդ «վանդալիզմ»-ը, բայց հետո արդեն հասանք այն կետին, որ դադարեցինք զբաղվել վանդալիզմով»։
Հարություն Մեսրոպյանը Դուբայում ևս բազմաթիվ ձևավորումներ ունի, և իր գործերի մեծ մասը հենց այնտեղ է։ Նա կարծում է, որ Հայաստանում փողոցային արվեստը զարգացնելն ավելի բարդ է, քանի որ այստեղ ավելի խստապահանջ են․
«Ինձ թվում է՝ Դուբայն ավելի շատ հնարավորություններ է տալիս, քանի որ այն շատ մեծ, միջազգային հարթակ է։ Այնտեղ համ բարդ է, համ՝ հեշտ։ Հայերը շատ պահանջկոտ են սթրիթ-արտի հանդեպ, որովհետև դու պետք է հասկանաս՝ այդ արվեստն ում համար ես անում։ Այսինքն՝ այն պետք է շա՞տ նկատելի լինի, թե ոչ։ Իսկ այնտեղ (Դուբայում) մարդիկ ուղղակի տեսնում են, հավանում ու անցնում առաջ»։
Փողոցային արվեստն իհարկե ազատություն է սիրում, բայց ունի նաև իր հստակ կանոնները։ Որպեսզի նման աշխատանքները վանդալիզմ չհամարվեն, նկարիչները սովորաբար նախապես համաձայնություն են ստանում քաղաքապետարանից։
Իսկ թե ինչպե՛ս է կարգավորվում այդ հարցը, և որո՛նք են սահմանված կանոնները, «Ռադիոլուր»–ին մանրամասնեցին Երևանի քաղաքապետարանից․ Մեջբրում․
«Կենտրոն վարչական շրջանում որմնանկարներ կամ գրաֆիտի իրականացնելու համար անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել Երևանի քաղաքապետին կամ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ կցելով նախագծի մանրամասն էսքիզային առաջարկը և ներկայացնելով դրա նպատակն ու բովանդակությունը։
Եթե նախագիծը նախատեսվում է իրականացնել բազմաբնակարան շենքի վրա, անհրաժեշտ է նաև ներկայացնել շենքի սեփականատիրոջ, համատիրության նախագահի կամ տվյալ շենքի բնակիչների կողմից ստորագրված համաձայնությունը կամ թույլտվությունը։
ՀՈԱԿ-ների և ՊՈԱԿ-ների շենքերի կամ տարածքների դեպքում պահանջվում է հիմնադրի գրավոր համաձայնությունը»։
Այնուամենայնիվ, Երևանում քիչ չեն նաև շենքերի պատերին ինքնակամ արված գրություններն ու պատկերները։ «Ռադիոլուր»–ի հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանից պարզաբանեցին, թե ինչ իրավական ընթացակարգ է գործում առանց թույլտվության արված գրաֆիտիների դեպքում, և ինչ է սպասում օրինախախտներին։ Ըստ այդմ՝ առանց համապատասխան թույլտվության արված որմնանկարները կամ գրաֆիտիները ենթակա են մաքրման՝ հեղինակի, վարչական շրջանի կամ համատիրության կողմից։ Իսկ եթե նկարիչը առարկում է այդ պահանջին, ապա հարցը կարող է լուծվել դատական կարգով՝ պատճառված վնասի փոխհատուցման կամ որմնանկարի ու գրաֆիտիի մաքրման պարտավորությունը սահմանելու միջոցով։




