
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունիսի 12-ին գումարել է հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 4 հարց՝
- Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների և եզրակացության հրապարակման վերաբերյալ:
- «Մեդիաքաստ» ՍՊԸ ներկայացրած տեսալսողական ծրագրերի ծանուցման վերաբերյալ:
- «Շարկ» ՍՊԸ-ի նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 18 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
- «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ի նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 20 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
Նիստին ներկա էր նաև Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչ Եգոր Տիլպունովը:
Նիստի օրակարգի հաստատումից հետո՝ ՀՌՀ մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիաննա Դոխիկյանը ներկայացրեց տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները և վերջնական եզրակացությունը։ Հարցի ներկայացումից հետո Հանձնաժողովը որոշեց հրապարակել ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ վերջնական եզրակացությունը։
Այնուհետև Հանձնաժողովը որոշեց հաստատել «Մեդիաքաստ» ՍՊԸ տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը։
Հանձնաժողովը մայիսի 17-ին իրականացրել է «Շարկ» ՍՊԸ-ի «5-րդ ալիք» ծրագրի տեսագրության մշտադիտարկում, որի արդյունքում արձանագրվել է, որ հեռարձակված քաղաքական գովազդը պարունակել է ազգային և համաշխարհային մշակութային ժառանգության վարկաբեկման և նսեմացման տարրեր, մասնավորապես՝ Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրը վերածվում է մզկիթի, Մայր Հայաստան հուշարձանի փոխարեն՝ Աթաթուրքի արձանն է։ Միաժամանակ վերոնշյալ քաղաքական գովազդը չի ներառել նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կամ թեկնածուներին բնորոշող խորհրդանիշներ կամ անհատականացնող այլ նշաններ։
ՀՌՀ-ն որոշել է «ՇԱՐԿ» ՍՊԸ նկատմամբ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը խախտելու համար կիրառել 57-րդ հոդվածի 19-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով 400․000 ՀՀ դրամով, նաև օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները խախտելու համար կիրառել գրավոր նախազգուշացում:
Հանձնաժողովը մայիսի 21-ին իրականացրել է «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» տեսալսողական ծրագրի մայիսի 20-ի տեսագրության մշտադիտարկում, որի արդյունքում հայտնաբերվել են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և օրենքի պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ։
Ըստ արձանագրության` «Լրաբեր» լրատվական հաղորդման ընթացքում խախտվել է կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական քարոզչության վերաբերյալ անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվության ներկայացման պահանջը։
Հանձնաժողովը որոշել է «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառել գրավոր նախազգուշացում:
Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։




