
Հունիսի 12-ին մեկնարկում են բուհերի 2026-2027 թթ. ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի քննությունները, հայտնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից (ԳԹԿ)։ Վաղը դիմորդները քննություն կհանձնեն «Կենսաբանություն» ու «Աշխարհագրություն» առարկաներից։
«Կենսաբանություն» հանձնելու համար հայտագրվել է 1504, «Աշխարհագրություն» հանձնելու համար՝ 96 դիմորդ։ 2025-ի 2-րդ փուլում այդ առարկաների համար հայտագրվել էին համապատասխանաբար 1241 ու 97 դիմորդ։
Բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլում հայտագրվել է 16 426 դիմորդ՝ հանձնելու համար 21 130 քննություն։
Այս փուլի վերջին քննական օրը հունիսի 30-ն է։
Երկրորդ փուլով ընդունելության միասնական, կենտրոնացված քննությունների ավարտից հետո տեղի կունենա հիմնական փուլի մրցույթի ամփոփումը` բացառապես մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) համար:




