Վերնատուն

Հիշողություն, ճգնաժամ, պատմականացում. ունա՞կ ենք արդյոք ձևավորել ապագայի ակնկալիքները. «Վերնատուն»

Օրերս ԵՊՀ-ում հնչեց ուշագրավ մի բանախոսություն, որի առանցքում հիշողության, ճգնաժամի և պատմականացման փոխհարաբերություններն էին։ Այս հայեցակարգային խնդիրների հետազոտողն ու բանախոսը պատմաբան, ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ Սմբատ Հովհաննիսյանն է։ Պատմաբանի հետ այս տեսությունը քննարկում ենք ներկա իրողությունների, ճգնաժամային տրամադրությունների ու հավաքական հիշողության համատեքստում։

Սմբատ Հովհաննիսյանը նշում է, որ պատմագիտությունը թույլ է տալիս հասկանալ ներկա գործընթացներն ու դրանց միտումների ակունքները, ինչպես նաև կարող է օգնել ընկալելու կամ ձևավորելու ապագայի ակնկալիքները։ Ըստ նրա՝ մեր օրերում հիշողությունն ինքնակա կառույց է. որքան այն կարող է ծառայել պատմությանը, այնքան էլ պատմությունը կարող է ծառայել հիշողությանը, իսկ պատմականացման իրողությունը, բնականաբար, շարունակում է վեճերի ու բանավեճերի տեղիք տալ։ Վերջին երեսուն տարիների ընթացքում շատ հետաքրքիր զուգորդում է ընթանում հիշողության հետազոտությունների և հետգաղութային տեսությունների համադրման ուղղությամբ, ինչը նորություններ է բացահայտում։ Խորհրդային անցյալը գրվել է սովետական մարքսիստական-լենինյան գաղափարախոսության դիտանկյունից։ Հետևաբար, պատմական փաստերն ու իրադարձությունները վերարժևորվել և ուսումնասիրվել են հենց այդ գաղափարախոսությունը հիմնավորելու և դրան ծառայեցնելու նպատակով։

Պատահական չէ, որ հայոց պատմության խորհրդային հայեցակարգը հիմնված է հեղափոխությունների ու ապստամբությունների վրա, և թվում է, թե մեր ամբողջ անցյալը լեցուն է դրանցով։ Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր պատմության մեջ անընդհատ կոնֆլիկտ չի եղել. կան բազմաթիվ երկխոսություններ ու այլընտրանքային իրողություններ, որոնք պարզապես կարևոր չեն եղել խորհրդային գաղափարաբանության համար։

Այս երկխոսություններն էական են, քանի որ մեզանում բանավեճը հաճախ վերածվում է վեճի, մինչդեռ դրանցում առկա են բանավեճ վարելու թե՛ էթիկական կանոններ, թե՛ գիտական հիմնավորումներ։ Ի վերջո, տեսությունները նրա համար չեն, որպեսզի դրանք վերցնենք ու կետ առ կետ, բառացիորեն կիրառենք։ Տեսությունների միջոցով մենք կարողանում ենք որոշակի հեռավորություն ստեղծել մեր և մեր իրականության միջև, ինչը հնարավորություն է տալիս իրողություններին ներսից նայելու փոխարեն դրանք դիտարկել կողքից՝ դրսի աչքով։

Կարդացեք նաև

Back to top button