ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

«Հեռո՛ւ տարածաշրջանից, եթե անվտանգություն եք ուզում»․ Իրանի ԱԳ նախարարի սպառնալիքը Վաշինգտոնին

Իրանը չորս բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ բազաների ուղղությամբ՝ հայտնում է Axios-ը, հղում անելով իր ամերիկյան աղբյուրներին։ Ավելի վաղ Միացյալ Նահանգներն էր Իրանին հարվածել։ Այդ ամենին զուգահեռ՝ սպառնալիքներ և բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին հայտարարություններ են հնչում երկու կողմից։

Իրանի պետական հեռուստատեսությունը կադրեր է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է Թեհրանը հարվածում Քուվեյթի, Բահրեյնի և Հորդանանի ամերիկյան ռազմաբազաներին։ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին սոցցանցում սպառնացել է ԱՄՆ-ին, որ Իրանը կպատասխանի ամերիկյան յուրաքանչյուր հարվածի կամ սպառնալիքի։ Ավելին՝ նա զգուշացրել է Վաշինգտոնին, որ հեռու մնա տարածաշրջանից, եթե անվտանգություն է ցանկանում։

«Մեր հզոր զինված ուժերն անպատասխան չեն թողնի ոչ մի հարձակում կամ սպառնալիք։ Հեռացե՛ք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվտանգ մնալ»։

Թեհրանի այս հարվածներն ու սպառնալիքները հաջորդում են Իրանին հարվածելու մասին ամերիկյան հայտարարություններին։ Ամերիկյան կողմը պնդում է, որ Իրանին հարվածել է ի պատասխան Հորմուզի նեղուցում ամերիկյան Apache ուղղաթիռի խոցմանը։ Փոխադարձ հարվածները երկու կողմն էլ ներկայացնում է որպես պատասխան գործողություն։

Հարվածներին զուգահեռ՝ կողմերը հայտարարում են հակամարտությունը  բանակցային տարբերակով լուծելու իրենց վճռականության մասին։

Իրանական լրատվամիջոցները և արևմտյան մամուլը, սակայն, գրում են, որ ամերիկյան ուղղաթիռի խոցումը երկամսյա հրադադարից հետո սրել է իրադրությունը։

«Իրանի պետական հեռուստատեսությունը մեջբերում է Արաղչիի գրառումից մի հատված, որում նշվում է, որ Իրանը նախընտրում է դիվանագիտության լեզուն: Սակայն իրանցի մարտիկները ցույց տվեցին աշխարհին, որ կարող են խոսել այլ լեզվով ևս»։

AP–ն էլ հաղորդում է, որ փոխադարձ հարվածները կասկածի տակ են դնում փետրվարին սկսված պատերազմում մշտական հրադադարի հասնելու ջանքերը: Միևնույն ժամանակ պարզ չէ՝ արդյոք կշարունակվեն հակահարվածները։ Այս ամենը նոր ճնշում է բանակցությունների վրա, որոնք մինչև այժմ որևէ էական արդյունք չեն ունեցել:

Երկու օր առաջ ՄԱԿ-ում՝ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձևի ընդունման ժամանակ մի շարք երկրների դեսպաններ անդրադարձել են ԱՄՆ-Իրան լարվածությանը։ Ֆրանսիայի դեսպան Ժերոմ Բոնաֆոնը մտահոգություն է հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերջին զեկույց ներառված տվյալների կապակցությամբ։

«Ես այս հայտարարությունը անում եմ Բահրեյնի, Դանիայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Լատվիայի, ԱՄՆ-ի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ֆրանսիայի և Եվրամիության անունից։ Մենք հավաքվել ենք՝ հայտնելու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վաղուց առկա մեր մտահոգությունները, որոնք բավական լուրջ են։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հրապարակված վերջին զեկույցը մտահոգիչ է։ Այն վերահաստատում է, որ Իրանը միակ պետությունն է, որ չունի միջուկային զենք, բայց կարող է մինչև 60 % ուրան հարստացնել։ Սա այն քանակն է, որից միջուկային զենք արտադրելու հնարավորությունը չի կարելի բացառել»։

ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմինը չի կարողացել ստուգումներ անցկացնել Իրանի միջուկային օբյեկտներում։

AP-ն գրում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը հրաժարվի  հարստացված ուրանի իր պաշարներից, որոնք ենթադրաբար հողի տակ են մնացել 2025 թվականի 12-օրյա պատերազմի ժամանակ՝ ամերիկյան ավիահարվածներից հետո։

Սակայն Իրանը հրաժարվում է այս պահանջը կատարելուց և իր հերթին պահանջում է մեղմացնել պատժամիջոցները։ Թեհրանը նաև պահանջում է վերջնական  համաձայնագրից առաջ հետ ստանալ իր սառեցված ակտիվները։ Այս պահանջը, սակայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է։

Կարդացեք նաև

Back to top button