
Թեև դիտորդներն էական և ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունեցած խախտումներ չեն արձանագրել, բայց քվեարկությունն առանց միջադեպերի չի անցել։ Օրն ընդհանուր առմամբ լարված էր, ինչը տարբեր դրսևորումներ ունեցավ։ Կրքերը որոշ տեղամասերում այնքան բորբոքվեցին, որ վեճերը վերածվեցին ֆիզիկական բախումների։ Որոշ տեղամասերում լարվածության պատճառը խիստ յուրահատուկ պահանջներն էին։
Քվեարկության օրն աղմկահարույց միջադեպերից մեկը գրանցվել է Լիճք գյուղի 21/7 ընտրատեղամասի հարևանությամբ։ «Ուժեղ Հայաստանի» և «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների միջև բռնկված վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։
Եթե Լիճքում իրավիճակը թեժացել էր ընտրատեղամասից դուրս, ապա Կեսարիայի ընտրատեղամասում լարվածության պատճառը քվեաթերթիկի վավերականության հարցն էր։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձը, թերթիկի վրա թանաք նկատելով, պահանջել էր փոխել այն։ Այս պահանջին արձագանքել են «Քաղաքացիական պայմանագրի» վստահված անձինք, հետո միջամտել են դիտորդները։ Ի վերջո քննարկումը վերածվել է վեճի՝ փոխադարձ վիրավորանքներով ու մեղադրանքներով։
Թվում էր, թե ժամը 20-ից՝ ընտրատեղամասերի փակվելուց հետո, նախընտրական կրքերն աստիճանաբար կհանդարտվեն։ Սակայն իրավիճակն անսպասելիորեն թեժացել է 3/20 ընտրատեղամասում։ Այստեղ քվեների հաշվարկի ամենապատասխանատու պահին հանձնաժողովի նախագահի, դիտորդի և վստահված անձի միջև բուռն վիճաբանություն է բռնկվել։ Լարվածության պատճառը հաշվարկի սեղանի շուրջ տեղեր զբաղեցնելու հարցն էր։
Նույն՝ 3/20 ընտրատեղամասում, մինչև քվեների հաշվարկը մեկ այլ միջադեպ էր գրանցվել։
Քվեարկության ընթացքում ընտրատեղամաս այցելած տարեց մի զույգ հրաժարվել է առանձին քվեարկելուց՝ պնդելով, որ պետք է միասին քվեախցիկ մտնեն։ Իրավիճակին միջամտել է հանձնաժողովի նախագահը՝ թույլ չտալով խախտել քվեարկության սահմանված կարգը։
Եթե նախորդ դեպքում խնդիրն առնչվում էր քվեարկության կարգին, ապա մյուս ընտրատեղամասում դժգոհության պատճառը ընտրացուցակներն էին։ Քաղաքացիներից մեկը պնդում էր, թե իր բնակության հասցեում օտարերկրացի է հաշվառված։
«Իմ տանը, չգիտեմ, ում են բերել գրանցել, թուրք են բերել գրանցել․ սա ի՞նչ ա»։
Այս տեղեկությունն ավելի ուշ հերքվեց․ Փաստերի ստուգման հարթակի՝ FIP.am-ի հետ զրույցում միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը պարզաբանեց․ Նանոր Յարությունի Քրտան Օղլին, որը գրանցված է նույն հասցեում հիշյալ քաղաքացու հետ, ազգությամբ հայ է և ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։
Նելլի Դավթյանը հայտնեց նաև, որ ընտրատեղամասում բողոքող քաղաքացին իր գրանցման հասցեի տան սեփականության վկայական չունի, առկա են ժառանգության հետ կապված խնդիրներ։
Արտառոց պատահար գրանցվեց 8/25 ընտրատեղամասի հարակից տարածքում, այստեղ դանակահարության դեպք արձանագրվեց։ Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ողբերգական միջադեպը, և որն է եղել դրդապատճառը, առայժմ հայտնի չէ։




