Ընտրություններ 2026ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ընտրություններից հետո․ քաղաքական ուժերը որոշում են հետագա անելիքները

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներից հետո քաղաքական դաշտը մտել է հետընտրական փուլ։ Իշխանությունը խոսում է վստահ հաղթանակի մասին, մինչդեռ ընդդիմադիր ուժերի մի մասը պատրաստվում է իրավական պայքարի։ Կպահանջե՞ն արդյոք վերահաշվարկներ, կհասնե՞ն դատական կամ սահմանադրական բողոքարկումների, թե՞ պայքարը կտեղափոխվի արդեն նոր ձևավորվող խորհրդարան։ Այս հարցերի պատասխանները միայն կարող են հստակեցնել հետընտրական քաղաքական օրակարգը։

Մինչ մյուս ուժերը պարզաբանում են իրենց հետագա անելիքները, ՔՊ-ն արդեն հայտարարել է հաղթանակի մասին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պահպանել է խորհրդարանական մեծամասնությունը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այդ կապակցությամբ հրապարակած տեսանյութում հետևյալն է ասում` իր խոսքն ուղղելով ընդդիմադիր ուժերին.

Սիմոնյան․ «Երեկ ամբողջ գիշեր քննարկում էիք մեր դեմքի արտահայտությունները և փորձում դրա մեջ հանգստություն գտնել։ Հիմա էլ ամենայն հավանականությամբ չգիտեք՝ ինչ խոսեք։ Ուժեղ կրվաք, ինչ խոսք, ուժեղ կրվաք»։

Այս հայտարարությունից հետո անդրադառնալով մասնավորապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարան չանցնելու հանգամանքին՝ Սիմոնյանը հայտարարել է, որ, իր ձևակերպմամբ, «եռագլուխ հրեշի մի գլուխը կտրվել է»։

Ալեն Սիմոնյան․ «Թեկնածուներ, որոնք անցել եք ԱԺ, շատ սիրով կսպասենք ձեզ և պառլամենտարիզմի փորձի փոխանակում կանենք ձեզ հետ։ Մեր ժողովրդի քվեն մեզ համար օրենք է, իսկ այն մարդիկ, որ օրենք են խախտել և մտածում են, որ դա անցավ ընտրությունների հետ, խորապես սխալվում են։ Եռագլուխ հրեշի մի գլուխը կտրվեց, այն երկու գլուխն էլ ընդամենը ժամանակի հարց է։ Շատ կարճ ժամանակի հարց է»։  

Սակայն որոշ քաղաքական ուժեր չեն շտապում ընդունելու ընտրությունների արդյունքները։ Մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարում է, որ դիմելու է վերահաշվարկի և օգտագործելու է իրավական բոլոր հնարավոր գործիքները։

Կուսակցությունից պնդում են, որ ԿԸՀ կայքում իրենց ստացած քվեների վերաբերյալ տարբեր ժամերի հրապարակված տվյալների միջև եղել են անհամապատասխանություններ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ներկայումս վերջնականացվում են այն ընտրատեղամասերը, որոնցում պահանջվելու է վերահաշվարկ, ինչպես նաև քննարկվում են առանձին որոշումներ և գործողություններ բողոքարկելու հիմքերը։ Ընդ որում, նշվածը որևէ կերպ չի բացառում նաև ընտրությունների արդյունքների բողոքարկումը՝ հաշվի առնելով ընտրախախտումների այն հսկայական ծավալը, որին ականատես ենք եղել ամբողջ ընտրական գործընթացում»։

«Հայաստան» դաշինքը, որը, ըստ նախնական արդյունքների, հաղթահարել է խորհրդարան անցնելու շեմը, հայտարարում է, որ շարունակելու է քաղաքական պայքարը։ Դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին ուղղված ուղերձում նշել է․

«Շնորհակալ ենք մեզ տված յուրաքանչյուր քվեի ու մեր թիմի նկատմամբ ունեցած վստահության համար։ Մեր հայրենիքի համար աննահանջ պայքարը մենք շարունակելու ենք մինչև հաղթանակ»։

«Հայաստան» դաշինքի ներկայոցուցիչը հավելել է, որ հետագա անելիքների մասին ավելի հանգամանորեն կխոսեն առաջիկայում։

Հետագա քայլերի մասին չի շտապում բարձրաձայնելու նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքը։ Դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանն առայժմ միայն շնորհակալություն է հայտնել իրենց ընտրողներից, իսկ հետագայի մասին ասել է հետևյալը.

«Մենք էլ հանդես կգանք ավելի խորքային հայտարարությամբ, երբ որ իրապես ավարտված լինի հաշվետվությունները և հաշվարկները»։  

«Ուժեղ Հայաստան» դաշինքն ավելի ուշ հայտարարեց՝ «ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում դաշինքը գործել է իշխանական համակարգի կազմակերպած աննախադեպ ու զանգվածային ճնշումների և հետապնդումների պայմաններում, ինչը սահմանափակել է քաղաքական մրցակցությունն ու ազդել ընտրողների ազատ կամարտահայտության վրա»։ Հայտարարության մեջ նաև կարդում ենք.

«Հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը և ընկալվել առանց խորքային ուսումնասիրության և իրավաքաղաքական գնահատականի։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ և ընտրողների կամարտահայտության իրական պատկերը ճշգրտելու աշխատանքներով, որի ավարտից հետո կներկայացնենք մեր դիրքորոշումն ու հետագա քայլերը»։

Խորհրդարան չանցած քաղաքական ուժերից «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը ընտրությունների արդյունքները բնութագրել է որպես «քաղաքական անապատ»։ Մարուքյանի խոսքով՝ ժողովուրդը մերժել է քաղաքական այլընտրանքները, իսկ երկրի առջև ծառացած խնդիրները, նրա ձևակերպմամբ, նման պայմաններում լուծումներ չեն ստանալու։ Մարուքյանը նշել է նաև.

«Շատերը խոսում են սահմանադրական մեծամասնություն չունենալու մասին՝ այն ներկայացնելով իբրև ընդդիմության հաղթանակ: Երբ իշխանությունը կարիք ունենա սահմանադրական մեծամասնությամբ որևէ նախագծի անցկացման, կհայտնվեն դրա համար անհրաժեշտ մի քանի ընդդիմադիր պատգամավորներ, այդ առումով նույնպես քաղաքական անապատ է»։

Ընտրությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ կոշտ գնահատականներով է հանդես եկել նաև «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը։ Նա աննախադեպ է համարել, որ իշխանությունը հաղթանակի մասին հայտարարություններ է արել դեռևս ձայների փոքր մասի հաշվարկման փուլում

«Երեկ՝ փաստորեն գիշերը, տեղի ունեցավ աննախադեպ մի բան: Մենք երբևէ նախկինում չէինք ունեցել իրավիճակ, երբ մինչև կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքները հայտարարելը, որևէ իշխանություն հայտարարեր իր հաղթանակի մասին, այն դեպքում, երբ հաշվարկվել էին ընդամենը մոտավորապես 10 %-ը բոլոր ձայների»։

Կուսակցության հետագա քայլերի մասին, սակայն, Կարապետյանցը որևէ բան չի ասել։ ԱԺԲ-ն էլ իր հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանի գործելակերպը գնահատել է հակաժողովրդավարական և կոչ արել քաղաքացիներին ու քաղաքական ուժերին միասնական ջանքերով կանխելու, իրենց ձևակերպմամբ, իշխանազավթումն ու բռնատիրության հաստատումը Հայաստանում։

Միաժամանակ քաղաքական դաշտում շրջանառվում է նաև տարբերակ-առաջարկ՝ ուղղված խորհրդարան անցնող ուժերին, առհասարակ միաձայն չվերցնել մանդատները։ Թեզի հեղինակները կարծում են, որ դա է միակ տարբերակը, իրենց ձևակերպմամբ, չլեգիտիմացնելու ընտրությունների արդյունքները, եթե, իհարկե, դրանք իսկապես չեն ընդունում։

Կարդացեք նաև

Back to top button